Զարթուցիչ

Պատմությունը կանգառներ չունի. Զարթուցիչ

Միասին սկսում ենք նոր օրը՝ մայիսի 9-ը․ օրացույցը հիշեցնում է, որ սա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Արցախյան առաջին պատերազմի ամենահիշարժան օրերից մեկի՝ Շուշիի ազատագրման ամսաթիվն է։

1945 թվականի մայիսի 9–ին հիմա արդեն գոյություն չունեցող  Խորհրդային միության կազմում ապրող ժողովուրդների, նաև՝ հայ ժողովրդի համար, հաղթանակով ավարտվեց դաժան այն պատերազմը, որն ստացավ Հայրենական մեծ պատերազմ անունը։ Մոտ 4 տարի տևած պատերազմին մասնակցել է 600 հազար հայորդի, որոնցից մոտ 300000–ը զոհվել կամ անհետ կորել է։

Այս պատերազմում հայ ազգն իրեն դրսևորել է որպես հայրենասեր, քաջ, ռազմական ավանդույթներ ունեցող ազգ, որն ի թիվս խորհրդային միության հարյուրավոր հերոսների, Փառքի շքանշանակիրների, մարտական այլ շքանշանակիրների նաև զինվորական ամենաբարձր՝ մարշալի կոչման արժանացած 4 հայորդի է ունեցել այս պատերազմում։ 

Այսօր էլ շատերիս ընտանեկան արխիվներում պահվում են բազմաթիվ շքանշաններ, որոնք մեր ծնողների՝ հենց այս պատերազմին մասնակցած պապիկներինն  ու տատիկներինն են, նամակներ, որոնք գրվել են պատերազմի դաշտից, իրեր, որոնք բերվել են այս պատերազմից։ Այսօր մեր ծնողների հետ ընտանեկան արխիվի հենց այս նմուշներով պատմության էջը թերթելու օրն է․․․

Ժամանակը կանգառներ չունի, կանգառներ չունի նաև պատմությունը․ այն կերտվում է ամեն վայրկյան, ու շատ հնարավոր է, որ այսօրվա պատմական ձեռքբերումը վաղը անցյալ դառնա, բայց դրանից և ոչ մի կաթիլ չի նվազում դրա արժեքը։ 

Այդպիսի մի անգնահատելի արժեք ու պատմական փառահեղ էջ է նաև 1992 թվականի մայիսի 9–ին իրականացված «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որի արդյունքում ազատագրվեց հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին։ 

Պատմական այս իրադարձության մասին հիշողությանն այսօր կորստի զգացումն է խառնվել, բայց դա եղե՛լ է, և ոչ ոք չի կարող մոռանալ փայլուն հաղթանակի ա՛յդ էջն ու այն մարդկանց, ովքեր հնարավոր դարձրին 1992–ի հաղթանակը։

Իսկ պատմությունն, իսկապես, կանգառներ չունի, և այսօրվա պարտությունից հետո միշտ էլ կարող է գալ վաղվա հաղթանակը։ Կարևորը՝ պատմության դասերը ճիշտ սովորելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button