Զարթուցիչ

Շնորհավո՜ր հունիսի 1. Զարթուցիչ

Հունիսի 1-ին մեր քաղաքը ողողվում է փուչիկներով, երաժշտությամբ ու տոնական տրամադրությամբ։ Բայց արդյո՞ք Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը միայն զվարճանքի մասին է։ 1949 թվականին Փարիզում հիմնադրված այս օրն իրականում ունի շատ ավելի խորը խորհուրդ. այն հիշեցնում է մեծերին՝ լսել պատանիների ձայնն ու հարգել նրանց իրավունքները։

«Զարթուցիչի» այս տոնական ու կարևոր թողարկման մեջ մենք տաղավարում մենակ չենք։ Մեզ հյուր են եկել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ պատանիները, ովքեր հենց ներսից գիտեն, թե ինչպես բարձրաձայնել սեփական շահերի մասին։

Խորհուրդը ակտիվորեն ներկայացված է եղել եվրոպական հարթակներում, մասնավորապես՝ ENOC-ի և ENYA-ի շրջանակներում Մալթայում, Բրյուսելում և Բրատիսլավայում, Ստրասբուրգում: Պատմական կարևոր քայլ էր 2024 թվականին Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի նախանիստին մասնակցությունը, որտեղ Խորհրդի անդամները առաջին անգամ անձամբ բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները և ներկայացրին այլընտրանքային զեկույցներ՝ ապացուցելով, որ երիտասարդները պետության լավագույն գործընկերն են միջազգային պարտավորությունների կատարման գործում։

2025-2026 թվականների գործունեությունը շարունակվել է ուղիղ երկխոսության և համակարգային բարեփոխումների ոգով: Խորհուրդը պարբերական հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի պատգամվորների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ փոխնախագահ պարոն Ֆիլիպ Ջաֆֆեի գլխավորությամբ, ՀՀ-ում Եվրոմիության առաքելության ներկայացուցիչների հետ և այլ պաշտոնատար անձանց հետ, ինչը թույլ է տվել Խորհդրի անդամներին ոչ թե պարզապես լսողի դերում լինել, այլ անմիջապես բարձրաձայնել հրատապ խնդիրներ և տեղում ստանալ պատասխաններ։

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի փորձագետների հետ համագործակցությամբ խորհուրդը կենտրոնացել է երիտասարդների հզորացման և առաջնորդության հմտությունների վրա՝ միաժամանակ անդրադառնալով հետկոնֆլիկտային համատեքստում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այս տարիների ընթացքում Խորհուրդը ապացուցել է իր արդյունավետությունը՝ որպես որոշումների կայացման գործընթացում երեխայի մասնակցության իրավունքն ապահովող կառույց:

Լսե՛ք մեր բովանդակալից ու անկեղծ զրույցը և բացահայտեք, թե ինչպես են այսօրվա պատանիները կերտում վաղվա ավելի լավ ու անվտանգ աշխարհը։

Ցուցադրել ավելի
Back to top button