Զարթուցիչ

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օրն է․ Զարթուցիչ

Շնորհավորում ենք բոլորիս հայկական տոնացույցի կարևոր տոներից մեկի՝ Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օրվա առթիվ, որը հաճախ նաև անվանում ենք Հանրապետության օր․․․

Պատմության դասաժամերից անշուշտ հիշում եք, որ 1918 թվականի մայիսի 28–ին, մոտ վեցդարյա ընդմիջումից հետո, մայիսյան հերոսամարտերի շնորհիվ և հատկապես Սարդարապատի հերոսամարտի արդյունքում վերածնվեց հայկական պետականությունը։

1918 թվականի մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար։ Սարդարապատի ճակատամարտը, որտեղ կողք կողքի կռվում էին զինվորներ, գյուղացիներ, երիտասարդներ, ծերեր, կանայք և երեխաներ, ավարտվեց հայերի հաղթանակով, որի արդյունքում թուրքական կանոնավոր բանակը ջախջախվեց ու հետ շպրտվեց։ Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար:

1968 թվականի մայիսին, այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը, բացվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը եւ Արա Հարությունյանը։

Կարծում ենք, թեկուզ մեկ անգամ եղել եք այստեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում, դեռ հեռվից հիացել եք հուշահամալիրի թևավոր ցուլերով և հաղթական զանգերով, տեսել եք հուշապատը, որի երկու կողմերում  ներկայացված են Սարդարապատի ճակատամարտը խորհրդանշող պատկերներ, հիացել եք ծառուղու երկայնքով տեղադրված քարե արծիվների հինգ հսկայածավալ քանդակներով, նաև՝ եղել եք համալիրի տարածքում գործող Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանըում, որտեղ պահպանվում են ազգային մշակույթի և հերոսամարտերի պատմության մասին վկայող արժեքավոր նմուշներ։

Եթե դեռ չեք եղել այստեղ, միացեք Սարդարապատի թանգարանում մոտ մեկ տարի առաջ անցկացրած և Ռադիո Արևիկի ձայնադարանում պահվող մեր ռադիոէքսկուրսիային․ մեզ սիրով հյուրընկալել էին թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը և թանգարանի ազգային ազատագրական պայքարի պատմության բաժնի վարիչ Արևիկ Մելիքյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button