Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որին առնչվում է մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից ու ապրելակերպից: Հունիսի 2-ը օրացույցում ոչ միայն հերթական ամառային օրն է, այլև՝ կրթություն-աշխատանք-առօրյա կյանք հավասարակշռության մասին մտորելու հրաշալի առիթ։
Մեր օրերում, երբ արագությունն ու անընդհատ զբաղվածությունը դարձել են սովորական ապրելակերպ, նման օրերը, կարծես, հիշեցնում են կանգ առնելու և լիարժեք հանգստանալու անհրաժեշտության մասին: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու է կարևոր հոգ տանել ոչ միայն սեփական կրթության, այլև՝ ինքնազգացողության համար, և ինչո՞ւ է հանրային առողջությունը սկսվում յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
Պարզվում է՝ այսօր Գրասենյակից շուտ հեռանալու օրն է: Մենք ինքնազարգացումն ու աշխատանքը հաճախ պատկերացնում ենք անվերջանալի դասընթացներով, գրքերով կամ մոտիվացիոն կոչերով։ Սակայն իրական ինքնազարգացումը սկսվում է շատ ավելի պարզ կետից՝ սեփական քայլերի նկատմամբ պատասխանատվության զգացումից:
Այսօր մարդիկ ավելի շատ են խոսում հաջողության մասին։ Սոցիալական ցանցերում ամեն օր տեսնում ենք «իդեալական կյանքով» ապրող, արագ արդյունքների հասնող և միայն հաղթանակներ գրանցող մարդկանց:
Մինչդեռ հոգեբանները նշում են, որ մշտական համեմատությունը, ծանրաբեռնվածությունն ու «անընդհատ արդյունավետ լինելու» ճնշող զգացումը կարող են հանգեցնել հուզական սպառվածության:
Հիշե՛նք, որ հանգստանալը նույնպես աշխատանքի կարևոր մաս է: Այն վերականգնում է ուժերը և օգնում ապրել ոչ միայն «պետք է»-ներով, այլ նաև՝ մեր սրտի անկեղծ ցանկություններով:
Սիրելի՛ ռադիոլսողներ, այսքանը՝ օրացույցից: Հիմա ժամանակն է ներկայացնելու մեր հյուրերին: «Ռադիո Արևիկի» հայտարարած՝ «Արդեն 100 տարի՝ «Խոսում է Երևանը»» դպրոցական թիմերի մեդիամրցույթի շրջանակում այս անգամ հյուրընկալել ենք Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի աշակերտներ Կամիլլա Հովհաննիսյանին, Կարեն Ավետյանին, Դայանա Խաչյանին և Անդրեյ Հարությունյանին, ինչպես նաև՝ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտ Անահիտ Մովսեսյանին։





