Մեկնարկ

Խոր շունչ քաշելու ժամանակ չկա. Մեկնարկ

Ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին նաև հայ դպրոցականները՝ «Քվանտ» վարժարանի 12-րդդասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արաբաչյանը, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։ Օլիմպիադայում Արմանն արժանացել է արծաթե մեդալի, Արտավազդն ու Սերգեյը բրոնզե մեդալ են ստացել։

Թիմի ղեկավարները ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանն են։ Օլիմպիական այս թիմն օրերս մեր հյուրն էր։ 

Ամեն անգամ, երբ այսպիսի կարևոր ստուգատեսներն ավարտվում են, խոր շունչ քաշելու ցանկություն է առաջանում, հետո սկսում են վերլուծել կատարվածը։

Հարց — Հասցրե՞լ եք խոր շունչ քաշել։

Ա․Գալստյան — Խոր շունչ քաշելը նշանակում է մի քիչ երկար հանգստանալ, բայց մեր աշակերտներն այդ շռայլությունն իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև առջևում մեկ ուրիշ կարևոր օլիմպիադա կա՝ Քիմիայի միջազգային օլիմպիադան, որը տեղի կունենա ամռանը Սաուդյան Արաբիայում, և մենք հիմա շարունակում ենք մեր դասընթացները, որովհետև ընտրական փուլ պետք է լինի։ Բանն այն է, որ հանրապետական փուլի մեր թիմը 5 հոգուց է բաղկացած։ 4-ն ընտրվեցին Մենդելեևյան օլիմպիադային մասնակցելու համար, բայց այդ 5 հոգին մրցակցում են իրար հետ հաջորդ օլիմպիադային մասնակցելու համար։

Հարց — Տղանե՛ր, ի՞նչ տվեց ձեզ օլիմպիադան բացի մեդալներից կամ մեդալի համար պայքարից։

Սերգեյ — Նախ, ցանկացած օլիմպիադային մասնակցելը ինչ-որ չափով սթրես է աշակերտների համար, և ամեն անգամ դրա մեջ մտնելով դու ավելի ուժեղ ես դառնում հաջորդ փուլի համար։ Նաև այլազգի մասնակիցների հետ շատ լավ շփումներ տվեց, որը շատ կարևոր էր մեզ համար։ Մենք հիմա շատերի հետ կապ ենք պահպանում։

Բենիամին — Օլիմպիադան մեզ շատ նոր ծանոթություններ տվեց, տարբեր երկրներից ընկերներ ձեռք բերեցինք, փորձի փոխանակում, նոր տպավորություններ, նոր բացահայտումներ։

Արման — Անձամբ ինձ օլիմպիադաներին մասնակցությունն օգնել է զարգացնել շատ հմտություններ, օրինակ,  ժամանակի ղեկավարում, խնդիրներին այլ կողմից նայելու հատկություն, սովորել հաղթահարել հոգեբանական սթրեսը։ Այդ ամենը կարևոր է հաջողակ մարդ դառնալու համար։

Արտավազդ — Ես առաջին անգամ էր, որ այդքան հեռու գնացի իմ տնից։ Մենք այնքան տարբեր ենք իրարից, բայց միևնույն ժամանակ մարդիկ այնքա՛ն նման են իրար։

Շարունակությունը՝ զրույցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button