Կանաչ մոլորակ

Գունավոր և բազմատաղանդ թռչունները՝ թութակներ

Թռչունը, որին նկարագրելու ենք, հայտնի է բոլորիդ։ Գունագեղ, կարճ պարանոց, խոշոր գլուխ, կեռ ու հզոր կտուց։ Հին Հռոմում այն ավելի մեծ արժեք ուներ, քան ստրուկը: Սրան գումարած արտակարգ կարողությունը, որով օժտված է այս թռչունը` ձայն լսեցի՞ք, խոսում է մարդու պես։ Դե, իհարկե, թութակն է:

Թութակներն ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Նրանք լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1մ։ Իսկ գիտեք, որ գոյություն ունի թութակների 300 տեսակ: Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Թութակների փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ՝ սև կամ մոխրագույն։ Իսկ ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն: Ի դեպ` նրանց ոտքերի երկու մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին դառնում են իսկակական բռնիչներ: Բռնում են ճյուղերից, վանդակներից ու օգնում տիրոջը տեղաշարժվել:

Թութակների թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Բայց կան նաև չթռչող թութակներ: Այո՛, զարմանալի է, բայց կան: Ա՛յ, օրինակ, Նոր Զելանդիայում ապրող թութակի մի տեսակ միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բներում:

Թութակները բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն շա՜տ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը: Սակայն թութակները միայն բուսակեր չեն: Կեա տեսակի թութակներն, օրինակ, իսկական գիշատիչներ են: Նրանք հարձակվում են նույնիսկ խոշոր կենդանիների վրա։

Այս զարմանահրաշ թռչունները, ինչպես և բոլոր կենդանիները, խոսում են իրար հետ: Իհարկե, ոչ մարդկանց նման: Նրանք միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Իսկ տնային թութակները երբեմն խոսում են նաև մարդկանց հետ հենց մարդկանց լեզվով: Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել: 1974 թվականին այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ-թութակներից 50-ը գերազանց գնահատականով է ավարտել դպրոցը, 20-ը՝ բավարար, իսկ ահա երեք թութակ մնացել է նույն դասարանում ոչ թե ծուլության, այլ վատ վարքի համար: Նրանք իրենց համադասարանցիներին սովորեցրել էին վատ բառեր և պատժվել էին՝ մնալով նույն դասարանում:

Բայց թութակները նաև աչքի են ընկել իրենց լավ վարքով: Օրինակ՝ Ամերիկայում Բեյբի անունով մի թութակ օգնել է ոստիկանությանը բռնել գողերին, որոնք թալանել էին իր տիրոջ բնակարանը: Գտնվելով բնակարանում՝ թութակը հիշել է գողերի անուններն ու արտաբերել դրանք ոստիկանության աշխատակիցների մոտ:
Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է 400 բառ: Նա կարողացել է արտասանել նախադասություններ , նույնիսկ մի քանի լեզուներով: Իրականում թութակները ոչ թե խոսում, այլ ուղղակի հիշում ու կրկնում են այն բառերը, որ լսել են: Երբեմն նրանք վերարտադրում են նաև իրենց լսած տարբեր հնչյունները, ձայները… Թութակները ձայնալարեր չունեն, այդ պատճառով էլ բոլոր հնչյուններն արտաբերում են լեզվի և կտուցի շնորհիվ:

Թութակներն աչքի են ընկնում նաև իրենց երաժշտական ու պարային տաղանդով: Հնում կարծում էին, որ ռիթմի զգացողություն ունեն միայն մարդիկ: Եվ բոլորովին վերջերս՝ ընդամենը 2011 թվականին, գիտնականների ուշադրությունը գրավեց մի թութակ, ով պարում էր երաժշտության տակ: Երբ երաժշտությունը դանդաղեցնում կամ արագացնում էին, թութակի շարժումները հստակ փոխվում էին: Գիտնականները սկսեցին ուսումնասիրել ևս 1000 թութակի և եկան այն եզրակացության, որ նրանք էլ ունեն ռիթմի զգացողություն:
Հայտնի է նաև երաժշտական մի խումբ՝ «Hatebeak անունով, որի վոկալիստը թութակ է: Այս խումբը բավական հաջողություններ է գրանցել ու թողարկել է երեք ալբոմ՝ շնորհիվ յուրահատուկ ձայնով ու տաղանդով թութակի:

Թութակները երկարակյաց են: Մեծ թութակների կյանքի տևողությունը 50-60 տարի է, որոշ դեպքերում նույնիսկ 100: Իսկ փոքրերը ապրում են համեմատաբար ավելի քիչ` 20-25 տարի:

Համեմատաբար որոշ կենդանիների` այս թռչունները շատ զգայուն ու նուրբ են: Կարող են վիրավորվել, խռովել,բարկանալ։ Գոյություն ունեն այնպիսի թութակներ, որոնք կարող են իրենց գլուխը շրջել 180 աստիճան:

Գիտե՞ք, որ թութակներին մարդիկ ընտելացրել են դեռևս 3 հազար տարի առաջ: Իսկ նրանց հանդիպած առաջին եվրոպացիները Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն էին, որոնք ներխուժել էին Հնդկաստան: Առաջին անգամ թութակները Հունաստանում հայտնվեցին շնորհիվ զորահրամանատար Օնեզիկրիտի: Ի դեպ` դրանք արդեն ընտանի թռչուններ էին, քանի որ Հնդկաստանում թութակներին դեռ հնուց պահում էին տներում: Այստեղ նույնիսկ ընդունված էր, որ յուրաքանչյուր բարեսիրտ մարդ կյանքում պետք է ոչ միայն տուն կառուցի, ծառ տնկի և զավակ ծնի, այլ նաև դաստիարակի գոնե մեկ թութակի: Իսկ Հին Հռոմում թութակներն ավելի մեծ արժեք ունեին, քան երիտասարդ ստրուկները: Հռոմում այս թռչուններին խոսել սովորեցնելու համար շատ մեծ գումարով վարձում էին ուսուցիչներ:

Թութակներին սիրում և հարգում էին նաև Ամերիկայի հնդկացիները։ Կորելլա թութակները նրանց ծառայում էին, որպես պահակներ և երբ շրջապատում գազան, կամ թունավոր օձ էր հայտնվում, նրանք իրենց ճիչերով զգուշացնում էին այդ մասին:

Ցավոք, այսօր թութակների որոշ տեսակներ վերացման եզրին են կանգնած և գրանցված են կարմիր գրքում: Նրանք , որ հազարամյակներ շարունակ ապրել են բնության ազատության մեջ, այսօր բնակվում են մարդկանց բնակարաններում, վանդակներում ու փակ տարածքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button