Հա՛ֆ, մյաո՜ւ

Վերջին հրեշտակները երկրի երեսին․ Հա՛ֆ, մյաո՜ւ

Վերջին հրեշտակները երկրի երեսին․․․ ծանո՞թ է էս արտահայտությունը ձեզ։ Երևի ոչ բոլորիդ։ Մինչդեռ կենդանասերները, հատկապես շուն սիրողներն ու շուն պահողները հիանալի գիտեն, որ սույն թևավոր խոսքը վերաբերում է հենց շներին։ Իսկ նրանք, ովքեր չեն լսել էս թևավոր արտահայտությունը, բայց շների հետ մոտիկից, ոչ հպանցիկ շփվելու բախտ են ունեցել՝ կփաստեն, որ ասածս ճշմարտություն է։
Էսօր մենք կխոսենք շներից, էն էլ՝ ի՜նչ շներից։
Ուրեմն էսպես․
Թագավորություն՝ կենդանիներ
Տիպ՝ քորդավորներ
Դաս՝ կաթնասուններ
Կարգ՝ գիշատիչներ
Ընտանիք՝ շնազգիներ
Լատիներեն անվանումը՝ Canis lupus familiaris
Ցեղատեսակի անվանումը՝
Դոբերման Պինչեր, իսկ մեր ժամանակներում՝ պարզապես Դոբերման

Էլեգանտ, ատլետիկ, խելացի ու զգուշավոր

1890 թվականից սկսած, Գերմանիայի Ափոլդա քաղաքում ապրող ոմն Կարլ Ֆրիդրիխ Լյուիս Դոբերմանը սկսեց փնտրել շան իդեալական ցեղատեսակ և գերմանացուն վայել հետևողականությամբ՝ անցավ գործի։
Նա հարկահավաք էր՝ հարկեր հավաքող, նրա աշխատանքը գումար հավաքելն էր, ինչը շատ վտանգավոր էր, քանզի քաղաքի հանցագործները հաճախ փորձում էին հարձակվել և յուրացնել հարկված գումարները։
Բայց իդեալական շան որոնումները չէին գոհացնում հավակնոտ շնասերին։ Եվ պարոն Դոբերմանը, հիասթափվելով ու հասկանալով, որ իր ուզած ու երազած ցեղատեսակը բնության մեջ պարզապես գոյություն չունի՝ հարցին մոտեցավ հակառակ կողմից, որոշեց ստեղծել ինքնուրույն։
Նա խաչասերեց դոգին, փինչերին, տերիերին, գերմանական հովվաշանը և ռոթվեյլերին /որն ի դեպ ժամանակին հռոմեական լեգիոներների շունն էր, իսկ հետագայում նրանցից փոխանցվեց գերմանացի մսագործներին/։
Ցավոք, Կարլ Դոբերմանն իր գործունեության սկզբում պետք եղածի պես գրառումներ չէր անում և մեզ հայտնի չի, թե ուրիշ ինչ ցեղատեսակներ է նա ընդգրկել։
Ինչևէ, իր գործի նախանձախնդիր պարոն Դոբերմանի մահից հետո, 1894 թվականին, նրա ստեղծած նոր ցեղատեսակն անվանվեց իր պատվին՝ Դոբերման Փինչեր։ Հետագայում տեսակի սելեկցիայով զբաղվեցին Օտտո Հելլերը և Ֆիլիպ Գրյունինգը, որոնք էլ Կարլ Դոբերմանի հետ միասին համարվում են տեսակի «հայրերը»: 1949 թվականի ստանդարտների խմբագրման ժամանակ, անվան մեջ, կատարվեց փոփոխություն, հեռացվեց «Փինչեր» բառը, և տեսակը անվանվեց պարզապես «Դոբերման»:


Դոբերմաններն ունեն գեղեցիկ կեցվածք, հեզաճկուն քայլվածք, արագաշարժ են և շատ դիմացկուն՝ փորձություններին։ Սովորաբար ունենում են գունավորում կրծքավանդակին, դնչին, ոտքերին և պոչի տակ։ Ունեն երկար դունչ, ուժեղ ծնոտ։
Դոբերմանների գույնը պայմանավորված է սև և գունավոր գենի զուգորդմամբ։ Լինում են սև, դեղնադարչնագույն (շագանակագույն), կարմիր, հազվադեպ՝ կապույտ դոբերմաններ։ Հանդիպում են նաև սպիտակ դոբերմաններ, որոնք ունեն կաթնագույն մաշկ, բաց սպիտակ գունավորմամբ և սառը կապույտ աչքեր։ Սրանք համարվում են ալբինոսներ։
Դոբերմանի պոչը սովորաբար լինում է երկար, բայց տեսքի ձևավորմամբ պայմանավորված այն կտրվում է ծնվելուց անմիջապես հետո (սկսած երկրորդ ողից)։ Սա տարածված պրակտիկա է Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ճապոնիայում, սակայն եվրոպական շատ երկրներում և Ավստրալիայում այնուամենայնիվ դա համարվում է անօրինական։ Տեսքի ձևավորմամբ է պայմանավորված նաև ականջների կտրումը, որը կատարվում է 7-9 շաբաթական հասակում։ Եվ դա նույնպես որոշ երկրներում համարվում է անօրինական։
Դոբերմանները հայտնի են որպես խելացի, զգոն, հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համառ անհատականություններ։ Նրանք ի սկզբանե նախատեսված են եղել որպես պահապան շներ՝ նախկինում եղել են առավել ագրեսիվ, սակայն ժամանակի ընթացքում դարձել են բավական հավասարակշռված և զուսպ խառնվածքով։ Ունեն հետախուզական բարձր ունակություններ, ինչի շնորհիվ համարվում են ոստիկանական և բանակային շներ։ Ճիշտ դաստիարակման դեպքում դոբերմանը կարող է լինել շատ հնազանդ և բարի։ Բարձր ինտելեկտի շնորհիվ, նա շուտ է ենթարկվում վարժեցման և կարող է դառնալ ընտանիքի հավատարիմ պահապանը։ Չնայած ակտիվությանը՝ շատ է սիրում քնել, քնքուշ է տերերի հանդեպ, բայց մարդամոտ չի և սառն է անծանոթների նկատմամբ։ Սա պայմանավորված է զգուշավորությամբ, քանի որ դոբերմանների համար ամենակարևորը տերերի անվտանգությունն է։


Դոբերմանների կյանքի տևողությունը միջինը՝ 10-12 տարի է, սակայն կարող է հասնել մինչև 16 -ի։ Կյանքի տևողության վրա կարող է ազդել նաև սննդակարգը, որը պետք է հագեցած լինի վիտամինային կոմպլեքսներով։
Դոբին, ինչպես կրճատ անվանում են նրան՝ համեմատաբար նոր ցեղատեսակ է և համարվում է էսպես ասած՝ «թաղամասի նոր երեխան»։ Սակայն դա չի խանգարում նրան լինել ամենաճանաչված ցեղատեսակներից մեկը։ Տեսքը էլեգանտ է, ոճը՝ ատլետիկ, խելացի է, զգուշավոր։ Դոբերմանը համարձակ պահապան շուն է, ինչպես նաև ընտանիքի սիրելի ուղեկիցը։ Դոբերմանը սիրում է լինել իր ընտանիքի կողքին։ Նա ընտանեկան շուն է և չպետք է մենակ թողնել նրան։ Էն մարդիկ, ովքեր ճանաչում են այս “ատլետին”, հաստատում են, որ նա հիանալի ուղեկից է՝ հավատարիմ ու նվիրված։

Միշտ հիշեք, սիրելի շնատերեր և շուն պահել երազողներ, շունը խաղալիք չէ, շներն անհատականություններ են, ինչպես մարդիկ, և նրանց սիրելուց բացի պարզապես անհրաժեշտ է նաև հարգել։

Դոբերմանն իր ցեղատեսակի հաստատման օրից արժանացավ մեծ ուշադրության գրականության ասպարեզում, իսկ հետագայում նաև՝ կինոյում, ինչի ամենացայտուն օրինակներից մեկը՝ «Չարի կացարանը» կինոնկարն է, Միլա Յոյովիչի մասնակցությամբ։ Նույնիսկ շոու բիզնեսը դոբերմանի հանդեպ անտարբեր չմնաց։ Դոբերմանի արձաններ կան ցեղատեսակի ծննդավայր, գերմանական Ափոլդայում, ինչպես նաև՝ ամերիկյան Միկրոնեզիայում, Գուամ կղզում, ծովային հետևակին ուղեկցող շան պատվին։


Գինեսի ռեկորդների գրքում գրանցված լավագույն խուզարկու շունը նույնպես հռչակավոր դոբերմանն է, Զաուեր անունով, որը 1925 թվականին, որսալով հանցագործի հետքը՝ հետապնդել է նրան ոչ ավել ոչ պակաս 150 կիլոմետր, այսպիսով օգնելով ոստիկաններին գտնել ու բռնել օրինազանցին։
Եթե ուզում եք հավատարիմ, առողջ, նվիրված ու ընտանիքի անցուդարձին ուշի-ուշով հսկող շուն պահել, սիրելի ռադիոլսողներ, իմ խորհուրդն է՝ լավագույն ընտրություններից մեկը, անկասկած, դոբերմանն է։ Միայն, անպայման, պարտադիր խորհրդակցեք մասնագետի հետ, խնամքի բոլոր նրբություններն իմանալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button