Հա՛ֆ, մյաո՜ւ

Նոր Գվինեական «երգող» շունը. Հա՛ֆ, մյաո՜ւ

Այսօր խոսելու ենք մի զարմանալի շան մասին, որից, եթե չեմ սխալվում,միայն 250-ն են անազատության մեջ։ Մնացածը, թեև ազատության մեջ են, բայց նրանց կյանքն այնտեղ հեշտ չի ու վտանգված է։

Եվ որքան էլ տարօրինակ է՝ «Հա՜ֆ-Մյաո՜ւ»- ի այսօրվա հերոսը, ըստ իս, կարող է հավասարապես և՛ վայրի կենդանի համարվել, և՛ ընտանի։ Խոսքը՝ աշխարհում իր նմանը չունեցող, շատ հազվագյուտ, ու ըստ այդմ՝ մեծ գումնարներ արժեցող մի ցեղատեսակի՝  Նոր Գվինեական «երգող շան» մասին է։

Լսե՞լ եք նման բան՝ երգող շուն․․․․ա՛յ․․․հիմա․․․ լսեցիք։ Դե, երկու բառով ներկայացնեմ նրան։

Այս ցեղատեսակը, իր հարազատ Նոր Գվինեայում, հայտնվել է մոտ 6000 տարի առաջ։ Հավանաբար հնադարի մարդիկ նրան օգտագործել են որպես որսաշուն, թեև համարվում է, որ նա մինչև վերջ ձեռնասուն չի եղել՝ այսօրվա շների պես։ Դինգո շները, օրինակ, համարվում են վայրի, որոնք ժամանակին դարձել են մարդու բարեկամը, այսինքն՝ լրիվ ձեռնասուն ու վարժեցված, բայց հետո, ինչ- ինչ հանգամանքների բերումով, կրկին դարձել են լրիվ վայրի։ Իսկ այ «երգող շունը», ինչպես արդեն ասացի, ժամանակին չի եղել լրիվ ձեռնասուն․ այդպես են համարում իմացող մարդիկ։ Չնայած Նոր Գվինեական շունը գոյություն ունի արդեն 6 հազարամյակ, նրան, սակայն, հայտնաբերել են միայն 20-րդ դարում ու նա շատ քիչ է ուսումնասիրված․ օրինակ՝ նրա կերակրացանկի մասին մարդիկ, անգամ գիտնականները, գրեթե, ոչինչ չգիտեն։

Համարվում է, որ դեռ 6000 տարի առաջ Ավստրալիան և նրա, այսպես ասենք, վերևում գտնվող Նոր Գվինեա կղզին, ի դեպ, երկրորդն աշխարհում իր չափերով, միացած են եղել ցամաքով։ Եվ դրա արդյունքում, գուցե որոշ Դինգոներ Ավստրալիայից գնացել են Նոր Գվինեա ու դարձել Նոր Գվինեական «երգող շուն» տեսակի նախահայրերը։ Սակայն, կա նաև հակառակ պնդումը, համաձայն որի, Նոր Գվինեայից որոշ երգող շներ իջել են Ավստրալիա ու դարձել դինգոներ։

Նոր Գվինեական երգող շունը գրեթե 3 անգամ փոքր է դինգոյից։ Նա ընտանի շներին զիջում է վազքի արագությամբ ու դիմացկունությամբ, բայց շատ ավելի ճարպիկ ու ճկուն է։ Հիմնականում լինում է դարչնագույն։

Իրականում, Նոր Գվինեայի «երգող շան» ոռնոցը, ըստ մասնագետների մեծ մասի պնդման, ոչ միայն գայլի ու կատվի ձայների համակցություն է հիշեցնում, այլ նաև նման է կետ ձկան արձակած երկար կանչին։ Այդ ձայնում կան նաև թռչունների ծլվլոցի էլեմենտներ։ Աշխարհում ուրիշ ոչ մի շուն ձայների նման հարուստ ներկապնակ և վոկալ տվյալներ չունի ու չի էլ կարող ունենալ։ 

Պորտուգալացի ծովագնացների հայտնաբերած այս ցեղատեսակը, որն աշխարհի ամենաեզակի ցեղատեսակն է համարվում, իրականում ոչ հաչում է, ոչ գռմռում, ոչ էլ ուրիշ ձայներ է հանում․․․ բացի  իր զարմանալի ոռնոցից։  

Ցուցադրել ավելի
Back to top button