Հա՛ֆ, մյաո՜ւ

Տիբեթյան Մասթիֆ. Հա՛ֆ, մյաո՜ւ

«Հա՜ֆ-Մյաո՜ւ»- ի հերթական թողարկումը նվիրված է նմանը չունեցող մի ցեղատեսակի, որն իր հսկայական չափսերով ու արտառոց արտաքինով պատկառանք է ներշնչում բոլորին։

Խոսքն աշխարհով մեկ թնդացող մի անվան՝ Տիբեթյան Մասթիֆի մասին է։ Նա նաև մոլորակի ամենաթանկ շներից է․․․էդ մասին դեռ կխոսենք։

Շունն իսկապես հսկայական է ու իր բրդոտ, ճոխ բաշով հիշեցնում է ոչ ավելի ոչ պակաս՝ առյուծի։ Բայց իր պատկառազդու արտաքինին հակառակ՝ շատ բարեհոգի է, ինչպես հիմնականում լինում են հսկաները։ Երևի չհաշված, ասենք, բավական անկանխատեսելի վարքագծով ռնգեղջյուրին ու բացահայտ ագրեսիվ գետաձիուն․․․ Բայց մեր հաղորդումը շների մասին է, էնպես որ Աֆրիկայից տեղափոխվենք Տիբեթ։

Թիբեթյան Մասթիֆի հասակը, հիշեցնեմ՝ մեջքի մասին է խոսքը, հասնում է 66 սանտիմետրի, քաշը՝ մինչև 80 կիլոգրամի։ Տվյալ դեպքում խոսքն արուներին է վերաբերում ։ Թեև էգերն էլ շատ հետ չեն մնում նրանցից։ Կյանքի տևողությունը 10-ից 11 տարի է․․․էս մասին էլ ենք առիթ ունեցել խոսելու, ցավոք, որքան մեծ է շունը, էնքան կարճ է նրա կյանքի տևողությունը։

Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում Թիբեթին /երբեմն նրան էդպես էլ են անվանում՝ կրճատ/ ձեռք բերել էն մարդկանց, ովքեր շուն ու հատկապես մեծ շուն պահելու փորձ չունեն, որովհետև Թիբեթը բավականին դժվար է դառնում սոցիալական, այսինքն՝ շրջապատի հետ հաշվի նստող ու ինտեգրվող։ Նրան մեծացնելու, առավել ևս վարժեցնելու համար անհրաժեշտ է, առանց չափազանցության, ծով համբերություն։ Գրեթե անհնար է, ու նաև սխալ է նրան պահելը բնակարանում, լավագույն լուծումը սեփական տունն է։

Էլի մի կարևոր հանգամանք․ Թիբեթը սկսում է աշխուժանալ երեկոյան ու անգամ գիշերը, դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս նրան զբոսանքի հանել ուշ ժամերի։

Թիբեթին չի կարելի բակում շղթայակապ պահել, քանզի նա շատ է սիրում իր տիրոջն ու ձգտում է ամբողջ ժամանակ լինել նրա կողքին։ Նա  խելացի է ու նաև՝ շատ անկախ, էնպես որ պիտի տերը ամուր բնավորության տեր լինի, այլապես, մեր ժողովրդի լեզվով ասած՝ շունը կնստի գլխին։

Բոլոր Տիբեթյան մասթիֆները շատ բարձր ու զրնգուն ձայն ունեն։ Երբ նման շունն իր բամբ ձայնով հաչում է, շուրջն ամեն ինչ, չասենք դղրդում է, բայց, առնվազն լավ արձագանքում է, էնպես որ, պիտի սովորեցնել նրան իզուր չաղմկել ու անիմաստ չհաչել։

Բայց, այ, ուրիշի աղմուկը Թիբեթը չի սիրում, որովհետև աղմկոտ շրջապատը նրա համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում՝ բնազդն է էդպիսին։

Թեև Թիբեթի ուշքը երեխաների համար չի գնում, ինչպես որոշ այլ ցեղատեսակների դեպքում, սակայն իր ձևի մեջ սիրում է երեխաներին ու մեղմ է նրանց հանդեպ։

Մեր ծրագրի էսօրվա հերոսը շատ քաջ ու համարձակ շուն է, դրան գումարած, նա ունի շատ բարձր ինքնագիտակցություն  ու ինքնասիրություն։

Տեսքը սարսափազդու է՝ շատ բրդոտ, մութ աչքերով, որոնք փայլում են հսկայական մազագունդ հիշեցնող բաշի միջից, ամուր, հաստ թաթերով։ Ուշադիր, գնահատող հայացքով էս շան մեկ հայացքը հերիք է, որ չարամիտը միանգամից միտքը փոխի։ Էն էլ ասենք, որ շները, ու հատկապես բակապահ, մեծ շները, մեզնից շատ ավելի զգայուն են․ եթե դուք որևէ չար կամ վատ բան մտածեք, նա դա կզգա ու կհաշվարկի մինչև կհասցնեք գործողությունների անցնել։ 

Թիբեթյան Մասթիֆի պատմությունը բավականին խորհրդավոր է, գաղտնիքների քողով շղարշված․  շունն իր հայրենի տարածաշրջանում հայտնվել է շատ ավելի վաղ, քան տեղացիների շրջանում՝ գիր-գրականությունը, էնպես որ նրա ծագման գրավոր վկայությունները բավական ուշացած են ժամանակագրության առումով։

Չինացի գիտնականները բարդ ու երկարատև ուսումնասիրություններ են կատարել՝ պարզելու համար Թիբեթի տարիքը։ Գայլի ու շան ԴՆԹ-ները համեմատելով, նրանք, մասնավորապես, ամրագրել են, որ էդ երկու կենդանիներն իրարից    առանձնացել են մոտ 42 000 տարի առաջ։ Թիբեթը մարդու հետ կողք կողքի քայլում է, ըստ էության, դեռ քարե ու բրոնզե դարերից, իսկ առաջին գրավոր հիշատակումը նրա մասին պատկանում է 1211 թվականի պատմագրի գրչին․ Չինաստանի կայսրին, ի նշան երախտագիտության, մատուցել են անգիր նվեր՝ հսկայական որսաշներ, որոնք հիշեցնում են հենց Թիբեթյան մասթիֆին։

Աշխարհից կտրված, բարձրադիր Թիբեթը՝ապրելու համար, մեղմ ասած, հեշտ վայր չէ ու Մասթիֆը դարձել է էնտեղի բնակիչների առօրյայի անբաժանելի մասն ու կյանքի ընկերը։ Թիբեթյան մասթիֆը շատ անձնուրաց կերպով պահպանել է իր հարազատ ծննավայրն օտարների ոտնձգութուններից և նրա անունը, կարելի է ասել, ոսկե տառերով է գրված Տիբեթի պատմության էջերում։

Թիբեթը, առանց վարանելու, կռվի է նետվում անգամ ձներում անձայն թափառող, խորամանկ և ֆիզիկապես շատ ուժեղ լեռնային ընձառյուծի հետ, էլ ուր մնաց՝ մարդու։ Իսկ եթե Թիբեթը մենակ չէ՝  իր ցեղակիցների հետ է, ուրեմն, չարագործի կամ անգամ չարագործների ճկատագիրը գրեթե հարյուր տոկոսով կանխորոշված է։ Մի մոռացեք, որ սա՝ Թիբեթյան լինելուց բացի, Մասթիֆ է՝ ամենահզոր ու նաև վտանգավոր ցեղատեսակներից մեկը, որը շատ երկրներում ուղղակի արգելված է։ Մասթիֆներն, ի դեպ,ծառայում էին դեռ Չինգիզ խանի զորքում, պահպանելով զինվորներին հատկապես գիշերները, երբ վերջիններս քնած էին լինում։

Էս շան առանձնահատկություններից մեկն էլ էն է, որ հազարամյակներով ապրելով իր հայրենի Տիբեթում, չի շփվել ու հետևաբար չի խառնվել ուրիշ ցեղատեսակների հետ, մնալով մաքուր ու անաղարտ։

Ասեմ, որ ներկայումս շատ մեծ պահանջարկ է վայելում ու գները դարձել են աստղաբաշխական։ Երբևէ ամենաթանկ վաճառված շունն աշխարհում հենց Թիբեթյան Մասթիֆի ձագն է, նրա համար մի մեծահարուստ 2014 թվականին վճարել է, պատկերացրեք, 2 միլիոն դոլլար։

Հուսամ էդ շունը Հայաստանում չէ, որովհետև ամառները մեզ մոտ սարսափելի շոգ է, իսկ Թիբեթյան մասթիֆն իր արջի մորթուց էլ խիտ ու երկար մազածածկույթով, ուղղակի չի դիմանա նման եղանակին։

Ցուցադրել ավելի
Back to top button