Հա՛ֆ, մյաո՜ւ

Ամերիկյան Ակիտա. Հա՛ֆ, մյաո՜ւ

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, առիթ ունեցել եմ խոսելու Ճապոնիայի պարծանքներից մեկի՝ Ակիտա Ինու ընտիր ցեղատեսակի մասին։ Ակիտա Ինուն շատ հայտնի ցեղատեսակ է, թեև՝ թանկ ու հազվադեպ հանդիպող, սակայն աշխարհով մեկ հայտնի։ Բայց էսօր խոսելու եմ ուրիշ Ակիտայից․․․երևի զարմացաք, չէ՞․․․բա․․․ պատկերացրեք՝ էլի Ակիտա կա, բայց ոչ թե ճապոնական, այլ ամերիկյան։  

Որպես ցեղատեսակ ամերիկյան Ակիտան գրանցում է ստացել 1955-ին։ Նրա ծագման երկրներն են, իհարկե, Ճապոնիան, բայց նաև՝ Ամերիկան, այսինքն, որպես ցեղատեսակ նա ունի երկու ծննդավայր։ Այս Ակիտան էլ ճապոոնականի պես մեծ է ու ազդեցիկ։ Քաշը հասնում է 60 կիլոգրամի, մեջքի բարձրությունը՝ 70 սմ-ի։ Պարզաբանեմ, սա արուների դեպքում, էգերը միշտ մի քիչ ավելի փոքր են ու կշռում են ավելի քիչ․․․հասկանալի է։

Ամերիկյան Ակիտան ապրում է 14-ից 15 տարի, հիանալի ցուցանիշ մեծ չափերով շան համար։ Նա հիանալի պահակաշուն է, բառիս բուն իմսատով՝ պահակ ու թիկնապահ։ Նման մշտարթուն, ուշադիր ու նվիրված բարեկամ ունեցողին չարամիտները հազիվ թե հանդգնեն մոտենալ։

Բայց հիշեք՝ անգամ ամենանվիրված Ամերիկյան Ակիտան երբեմն- երբեմն փորձում է իրեն ենթարկել տիրոջը, հատկապես՝ սեռահասուն դառնալու ժամանակահատվածում։

Նման շները բացարձակապես վախ չունեն, փոխարենն ունեն ուժեղ բնազդ՝ պատժել հնարավորինս դաժան, իրենց վստահված մարդկանց առողջությունն ու կյանքը, իրենց վստահված տարածքը հարցականի տակ դնողներին։

Իրականում, Ամերիկյան Ակիտան շատ ինքնավստահ, ամուր հոգեբանություն ունեցող շուն է, նա ագրեսիվ է դառնում միայն վտանգի ժամանակ։

Հեշտ չէ նրան վարժեցնելը, երբեմն դա կարող է դառնալ գրեթե կյանքի գործ, մանավանդ, որ էս շունը շատ խելացի է ու ամեն պահ անում է հետևություններ։

Shiba Inu

Ամերիկյան Ակիտան ի ծնե, կարելի է ասել, կիրթ ու ինտելեկտուալ շուն է, նա հանգիստ դիմանում է երկար վիզուալ կոնտակտին։ Բայց․․․ու սա հատուկ եմ զգուշացնում, նրա աչքերի մեջ նայելիս եբեք չփորձեք հակվել առաջ՝ Ակիտան դա կընդունի որպես հարձակման փորձ ու կհարձակվի առաջինը։ Իսկ դուք չեք հասցնի հետ քաշվել՝ նա արագաշարժ է ու ճարպիկ, իսկ ձեր դեմքը ձեր ամենախոցելի տեղերից մեկն է։

Մի կարևոր խորհուրդ էլ․եթե, ասենք, փողոցում անհաղթահարելի ձգտում ունենաք ձեր հավանած շանը շոյելու, անպայման հարցրեք տիրոջը՝ արդյո՞ք կարելի է դա անել։ Չվստահեք դրական պատասխանին, եթե շան տերն անչափահաս է և բոլոր դեպքերում, հեռու մնացեք էն շներից, որոնք առանց դնչկալի են, մեծ թե փոքր՝ շները կարող են ձեր սիրո հանկարծակի նոպան դիտարկել որպես հարձակում։

Այս շունը չի դիմանում տիրոջ երկար բացակայություններին, նա ուժեղ սթրես է տանում, քանզի, սկսում է իրեն լքված զգալ։

Ամերիկյան Ակիտան էն շներից է, որն անծանոթների հետ զուսպ է ու սառը, մինչև նույն շնային բնազդով իր համար ճշտում է ձեր, էսպես ասած, վտանգավորության աստիճանը։

Սիրում է երեխաներին, բայց հաստատ դայակ չի։ Իր մեծ չափսերի պատճառով պոտենցիալ վտանգ է ներկայացնում փոքրիկների համար, մի անզգույշ շարժում ու կարող է երեխայի համար ծանր հետևանքներ լինեն․ սա օրենք է գրեթե բոլոր մարմնեղ և ֆիզիկապես ուժեղ շների դեպքում։

Մի երկու խոսք էլ էն մասին, թե ինչպես ճապոնական Ակիտան դարձավ ամերիկյան․․․

Մի քանի հարյուրամյակ առաջ ճապոնական Ակիտա Ինուն, որը բացի պահակաշուն լինելուց նաև հիանալի որսաշուն էր, ուրիշ անվանում ուներ, նրան անվանում էին Մատագի Ակիտա։ Հետո նրան սկսեցին օգտագործել տխրահռչակ շնակռիվներում, մոտավորապես 19-ից 20-րդ դարերում։

Շնակռիվների չակերտավոր մասնագետները, գումար վաստակելու մարմաջով տարված, փորձեցին մեծացնել շան չափսերը, որ նա․․․պարզ է՝ ավելի լավ կռվի։ Եվ սկսեցին Ակիտային խաչասերել էնպիսի հզոր տեսակների հետ, ինչպիսիք են պանծալի ու անկանխատեսելի մասթիֆը և գայլաշունը։  

Դրա հետևանքով Ակիտայի դասական դիմագծերը սկսեցին լղոզվել ու անհետանալ։

Ուշքի եկան Տոկիոյում, 1914 թվականի շների ցուցահանդեսի ժամանակ, ուշացումով գիտակցելով, որ մեղմ ասած՝ հիմարություն են արել։ Խաչասերումներն արգելվեցին, Մատագի Ակիտայի իրական նվիրյալները ոտքուձեռ ընկան ու սկսեցին երկրով մեկ փնտրել, գտնել մաքուր, չխառնված առանձնյակների։

Ճապոնացիները հազիվ էին սկսել խելքի բերել իրենց հպարտություն Ակիտային, երբ սկսվեց շատ ու շատ ցեղատեսակների համար ամենաիսկական պատուհասը՝ Երկրորդ համաշխարհայինը։ Էս մասին ես բազմիցս եմ խոսել․պատերազմները վտանգի տակ են դնում ոչ միայն մարդկանց կյանքերը, այլ նաև՝ կենդանիների, հատապես՝ ազնիվ ցեղատեսակների։ Թե ինչ մեծ վնաս է հասցրել հատկապես երկրորդ Համաշխարհայինը շատ ու շատ ընտիր ցեղատեսակների՝ գիտեն միայն իրական նվիրյալները։

Ճապոնիայի կառավարությունը բոլոր շներին, ուղիղ խոսքով ասած, քշեց ռազմաճակատ, զինվորների հետ հավասար պայքարելու հանուն հայրենիքի։ Էդ մղձավանջին վերջ դրեց 1945 թվականի Ճապոնիայի կապիտուլիացիան։

Եվ․․․ ի՞նչ տեղի ունեցավ․ ամերիկյան բանակի շատ ու շատ զինվորներ և սպայական կազմի ներկայացուցիչներ, վերադառնալիս, հետները  վերցրին էսպես, թե էնպես, իրենց ձեռքն ընկած ճապոնական պանծալի շներին։

Պատկերացրեք՝ ամերիկացիներն էնքան շուն տարան իրենց հետ, որ պատերազմից հետո, պարտված Ճապոնիայի տաբեր անկյուններում մնացել էր Ակիտա Ինու ցեղատեսակի ընդամենը 20 շուն․․․

Բնական է, որ պատերազմից հետո ամերիկացիները Ակիտայի բուծման աշխատանքնեը չէին համաձայնեցնում իրենց պարտված թշնամիների՝ ճապոնացիների հետ։ Ճապոնացիներն ամեն կերպ փորձում էին միջամտել, որ ցեղատեսակի դասական չափանիշները չփոխվեն։ Փորձեցին անգամ ուշացումով արգելել Ճապոնիայից Ակիտա դուրս բերելը, բայց ամերիկացիներին ոչ ոք ու ոչինչ չէր կարող կանգնեցնել։

Արդյունքում ամերիկյան Ակիտան սկսեց տարբերվել իր ճապոնացի ծնողներից և արտաքինով և բնավորությամբ։ Ու սկսեց հպարտորեն կոչվել Ամերիկյան Ակիտա, հպարտորեն՝ նույն ամերիկացիների համար։ Նրանք իրենց նոր ցեղատեսակին գրանցեցին 1972-ին։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button