Բարև, սիրելի կենդանասերներ, շուն, կատու, թռչուն, մողես, բզեզ, արջ ու ձուկ սիրողներ։ Իրականում, եթե մարդն իսկական կենդանասեր է, ուրեմն ամեն կենդանի էլ սիրում է։ Բայց, իհարկե, կան նաև նախապատվություններ։ Մեր հաղորդման նախապատվությունները գալիս են հեղինակից, այսինքն՝ ինձնից։ Ես էլ, սիրելով աշխարհի բոլոր կենդանիներին ու անասուններին, այնուհանդերձ ամենից շատ սիրում եմ շուն ու կատու։
Այս երկար ներածությունից հետո միանգամից անցնեմ մեր հյուրասրահի այսօրվա հյուրին։ Մենք այսօր խոսելու ենք չքնաղ մի արարածից, մի ընտիր շնից, որի տերերը ձայնները մեկ արած նրան համարում են ուղղակի երկնային պարգև։ Խոսքս ավստրալիական կապույտ Հիլրի մասին է։

Սա հիանալի հովվաշուն է, որը պարզապես ծնված է հոտ, նախիր իրար գլխի հավաքելու և պետք եղած կողմն ուղղորդելու համար։ Նա դա անում է այնքան հմտորեն, այնքան վարժ ու այնպիսի գերագույն հաճույքով, որ միայն հիանալ կարելի է կապույտ Հիլըրով, երբ նա իր տարերքի մեջ է ու ծառայում է իր առաքելությանը։
Քրիստ Մանարյան



