Հա՛ֆ, մյաո՜ւ

Սամոեդ. Հա՛ֆ, մյաո՜ւ

Սիրելի կենդանասերներ, այսօր կխոսենք սամոեդից, որն աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկն է։ Ռուսերեն իմացող, բայց շների ցեղատեսակների պատմությունը վատ իմացող մարդիկ շատ հաճախ հեգնական ժպիտով ասում են․ «Սամոեդ նշանակում է ինքն իրեն ուտո՞ղ»։ Պարզ է, որ ասելիս իրենք էլ են իրենց ասածի վրա ծիծաղում՝ ոչ մի շուն հաստատ ինքն իրեն չի ուտում։ Բա էլ որտեղի՞ց է հայտնվել այս տարօրինակ, զարմանալի անունը։

Սամոեդին անվանում են նաև Սամոեդ լայկա կամ Սամոեդ շպից, իսկ ավելի կարճ՝ Սամմի։ Ծննդավայրը՝ Ռուսական կայսրություն, անծայրածիր Սիբիր և Ռուսաստանի հյուսիս։

Սամին համարվում է պրիմիտիվ, աբորիգեն ցեղատեսակ։ Նա ուղեկցող շուն է, նաև եղել է ու է քարշակ շուն, սահնակ քաշող։ Դրա համար էլ, այս միջինը 30 կլիոգրամ կշռող մարդու բարեկամը, ֆիզիկապես շատ ուժեղ է ու չտեսնված դիմացկուն։ Ըստ մի վարկածի Սամին առաջացել է նենեցական լայկայից։

Ներկայումս կա Սամոեդի 7 պաշտոնական տեսակ՝ անգլիական, FCI, ամերիկյան, կանադական, ավստրալիական, նորզելանդական ու նաև՝ հարավաֆիրկյան։

Մոտ 3 հազար տարի Սամին եղել է ուղեկցող շուն հեռավոր հյուսիսի, մասնավորապես Սամոդի ժողովուրդների շրջանում։ Անհասկանալի պատճառներով այդ ժողովրդի զավակների մի մասը, 1-2 հազար տարի առաջ թողել է Օբ և Ենիսեյ գետերի իր ծննդավայր հողերն ու գնացել ավելի հյուսիս՝ բևեռամերձ շրջաններ։ Նրանք եղել են նենեցների, էնցերի, սելկուպների նախնիները։

Քանզի բոլոր սամոդի ցեղերն օգտագործել են նույն, ճերմակ մազածածկույթով շներին, ընդունված է կարծել, որ նրանք ժամանակին ընտելացրել են սպիտակ գայլին։ Եվ իսկապես՝ աբորիգեն Սամոեդը ամեն ինչով նման է գայլի։ Քանի որ նեոլիթի շրջանում սամոդիները հիմնականում զբաղվել են որսորդությամբ և հավաքչարարությամբ, տրամաբանական է համարելը, որ ընտելացված գայլերը նրանց օգնել են որս անելու ժամանակ,մի բան, որ այս հաշալի շներն անում են նաև մեր օրերում։ Բայց Սամոեդները նաև սահնակներ են քարշ տվել ու անգամ օգտագործվել են որպես փոքր երեխաների դայակներ։ Հիմա էլ հյուսիսի ժողովուդրները նրանց գիշերները պահում են իրենց չումերում, որ շներին գրկած տաքանան։ Պատկերացրեք՝ երբ գրկում, փաթաթվում ես այս նրբազգաց ու խելացի շանը՝ նա ասես քարանում է, դադարում է շարժվել, որ քնած մարդուն հանկարծ չանհանգստացնի․․․իսկական հրաշք։

Մասնագետների կարծիքով այն հին, աբորիգեն Սամոեդն իրականում արդեն չկա, վերացած ցեղատեսակ է։ Ցեղատեսակը վերածնելու հիմնական ջատագովն անգլիացի կենդանաբան Էրնսթ Քիլբուրն Սքոթն էր, որը 1889 թվականին անցկացնելով մի քանի ամիս հյուսիսի ժողովուրդների հետ, ուղղակի սիրահարվեց այս ցեղատեսակին և ամեն ինչ արեց, որ այն վերածնվի։

Ասում են նաև, որ Ռոբերտ Սքոթն ու Ռուալ Ամունդսենը դեպի հարավային բևեռ ձեռնարկած իրենց արշավներում օգտագործել են սամոեդների։ Բայց դա թյուր կարծիք է՝ Սքոթն օգտագործել է պոնիներ և մեխանիկական տրանոպորտ, ինչն էլ, ինչպես հայտնի է, դարձավ նրա արշավախմբի բոլոր անդամների կործանման պատճառը, իսկ Ամունդսենն էլ իրականում օգտագործել է գրենլանդական լայկաների։  

Ասում են նաև, որ Սամոեդների հետ կարող էր շփված լինել հայ ազգի համար այնքան շատ բան արած Ֆրիտյոֆ Նանսենը։ Նա, 1893 թվականին, իր ասելով, նենեցներից ձեռք էր բերել 34 ընտիր, սիբիրյան շուն։ Սակայն հայտնի փաստ է, որ էդ 34 շներից և ոչ մեկը հետագայում չի հայտնվել Եվրոպայում։ Մի խոսքով շատ հավանական է, որ իրական, աբորիգեն Սանմոեդն իսկապես վերացել է մոտ 100-150 տարի առաջ, իսկ այն փառահեղ շունը, որին մենք անվանում ենք Սամոեդ՝ իրականում նրա անունով, սակայն մի քիչ այլ ցեղատեսակ է։

Մի խոսքով, Սամոեդ անունն աշխարհ է եկել կամ որպես սամոդի ժողովուրդների սիրելի շան հավաքական անուն, կամ, ինչպես պնդում է մեկ այլ վարկած՝ այն պատճառով, որ ձյան պես ճերմակ այս շներին, երբ լծում էին սահնակներին՝ նրանք հեռվից, ձյանը ձուլվելով՝ չէին երևում ու թվում էր, թե սահնակն ինքն իրեն է գնում ձյունառատ ճամփեքով, ռուսերեն ասած՝ сани едут сами, էստեղից էլ Սամոեդ անունը։

Սամոեդը միջին չափերի, էլէգանտ շուն է, ուժեղ, մեղմ բնավորությամբ, շատ դիմացկուն, սեփական արժանապատվության բարձր զգացումով, բավական ինքնավստահ։ Ասում են նաև, որ Սամոեդը բավական «շատախոս» ու աղմկոտ շուն է։

Մեկ էլ անպայման կուզեմ չիմացողներին տեղեկացնել, որ կա այսպիսի հասկացություն՝ Սամոեդի ժպիտ։ Էնպես որ, ժպտալ գիտի ոչ միայն Լուիս Քերոլի Չեշիրյան կատուն, այլ նաև մեր էսօրվա հերոս Սամոեդը, նույն ինքը՝ Սամին։ Այդպես են ասում, քանզի նրա բերանի անկյունները քիչ վեր են ելած, աչքերի դիրքն էլ այնպիսին է, որ իսկապես թվում է, թե Սամին բոլորին ժպտում է։ Դե իսկ այն, որ շներն իսկապես ժպտալ գիտեն՝ հայտնի փաստ է։

Նրա քիթը, երբեմն, հատկապես ցուրտ, ձմեռային ամիսներին մարող է մասնակի կորցնել պիգմենտացիան ու գունազրկվել, հետո, տաք ժամանակ էլի վերգտնել սովորական գունավորումը։

Սամոեդը հրեշտակի պես ճերմակ է, ասես ինքն էլ ստեղծված է այն ձյուներից, որոնք գրեթե երբեք չեն հալչում իր պատմական ծննդավայրում։ Իրականում նրա մորթին կարող է լինել նաև կրեմագույն, կամ՝ ճերմակը՝ բիսքվիթի գույնի հետ խառը։ Սակայն ընդունելի չէ, որ Սամիի մազածածկույթը լինի բաց դարչնագույն, դա արդեն Սամոեդ չի համարվում։

Որքան գիտեմ՝ Սամին շատ բարի է, մարդամոտ ու մարդասեր, երբեք չի կծում մարդուն, նա դա չպիտի անի անգամ, եթե մարդն իր վարքով զզվեցնի իրեն։

Հրաշք ցեղատեսակ է Սամմին, հյուսիսի ժողովուրդներն ընդհանրապես կարող են հպարտանալ իրենց բուծած շներով, դե իսկ Սամոեդը նրանց շարքերում առաջիններից է, եթե ոչ՝ հենց առաջինը։ Թեև, դա իսկապես նախասիրության հարց է։

Միայն, ինչպես միշտ եմ արտահայտվում խիտ մազածածկույթ ունեցող շների մասին խոսելիս, նորից պիտի խնդրեմ ու հորդորեմ՝ եթե ուզում եք Սամոեդ պահել, մի ալարեք շատ կարդացեք նրա մասին, խոսեք լուրջ մասնագետների հետ, քանզի այս շան համար երևանյան շոգ, չորային ամառը կատարյալ փորձություն է։ Չէ՞ որ նա, ձյունե այս հրաշքը, սովոր է հյուսիսի ցրտերին ու ընդհանրապես՝ նախաստեղծ բնության մեջ գտնվելուն, ոչ թե աղմկոտ քաղաքին, հատկապես՝ բազմաբնակարան շենքերում։

Ցուցադրել ավելի
Back to top button