Հա՛ֆ, մյաո՜ւ

Գաճաճ մլավան կամ Բենգալյան կատու .Հա՛ֆ, մյաո՜ւ

Ինչպես շատ դեպքերում, կենդանասեր աշխարհը Բենգալյան ընտանի կատվի լույս աշխարհ գալու համար պարտական է ամերիկացի կատվաբույծներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր ցեղատեսակներ ստանալու համար։

Անցյալ դարի 60-ականներին, կատուների մեծ սիրահար, ամերիկուհի Ջեյն Միլլին իր տանը պահում էր վայրի Բենգալյան կատու, Մալայզիա անունով։ Մալայզիան մոտիկից ընկերություն արեց տնական սև կատվի հետ և արդյունքում ծնվեց չալպտուրիկ մի կատվիկ։ Ոչ կատվիկը, ոչ էլ նրա հետագա սերունդը երկար չապրեցին և Բենգալյան վայրի կատվից տնական կատու ստանալու աշխատանքքները հետաձգվեցին մինչև 1980 թվականը։

Ասենք, որ տնական և վայրի կատուներին խաչասերելու գործը բավականին երկարատև, աշխատատար ու մեծ համբերություն պահանջող պրոցես է։ Եվ եթե իրական, բնատուր սեր չունեք դրա հանդեպ՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Նման աշխատանք սկսելիս՝  ձեռքի տակ պիտի ունենաք առնվազն մի քանի վայրի կատու՝ ցեղատեսակի լավագույն, առողջ ներկայացուցիչներից ընտրված։ Եվ ամեն վայրի Բենգալյան կատու չի, որ ցանկություն է հայտնում, էսպես ասենք՝ իր տեսակը խառնելու ավելի փոքրամարմին, տնական կատվին, շատ դեպքերում վայրի կենդանին տնականին կարող է պարզապես արհամարհել։

Բարեբախտաբար,  Ջեյն Միլլը լավ գլուխ էր հանում գենետիկայից և համառության շնորհիվ իր ուզածին հասավ։ Հիմա Բենգալյան տնական կատու է համարվում այն կենդանին, որն իր վայրի ցեղատեսակից հետ է մնում առնվազն 4 սերունդ /ինչպես կասեն կատվագետները՝ ֆելինոլոգները/։

Բենգալյան կատվի կամ Բենգալի երկու հիմնական տեսակ կա մեր երկրագնդում՝ վայրի և ընտանի։ Վայրի բենգալը, կամ ինչպես նրան անվանում են «գաճաճ կատուն» ապրում է ջրի մոտակայքում՝ ամեն կերպ խուսափելով մարդկանցից։

Կատուների այս տեսակը տարածված է Ամուրի ավազանում, Չինաստանում, Կորեայում, Հնդկաստանում, Պակիստանում և Ինդոնեզիայում։ Նաև՝ Չեջուդո, Ցուսիմա, Թայվան, Հայնան, Սումաթրա, Յավա, Քալիմանթան, Բալի, Լոմբոկ կղզիներում, ինչպես նաև՝ Ֆիլիպինների որոշ կղզիներում։ Ցավոք, գեղեցիկ մորթի պատճառով Չինաստանում շարունակում են նրան որսալ։

Այնպես չի, որ Բենգալյան կատվին ոչնչացման վտանգ է սպառնում, սակայն մարդկային աններելի բարբարոսության պատճառով՝ որոշ աշխարհագրական լայնություններում, Բենգալն արդեն դարձել է հազվագյուտ տեսակ։

Հիմա, սիրելի կենդանասերներ, խոսենք արդեն ընտանի Բենգալի մասին։ Այն սովորական, տնային կատվի և նույն վայրի Բենգալի խառնուրդն է, որը նույնպես կոչվում է Բենգալ կամ Բենգալյան կատու։

Ցեղատեսակը, առաջին անգամ, ցուցահանդեսի է մասնակցել 1987-ին։ 1991-ին պաշտնապես գրանցվել ու իրավունք է ստացել բազմանալու և մասնակցելու համաշխարհային և այլ ցուցահանդեսների ու ցուցադրությունների ։

Կատվազգիների ցուցակում  Բենգալյան կատուն  գեղեցիկներից  մեկն է ։ Նրա գունավորումը լինում է շատ տարբեր, բայց մի բան պետք է հաստատապես հիշել՝ զտարյուն Բենգալյան կատվի աչքերը չեն կարող լինել կապույտ կամ երկնագույն, ուրեմն դա մաքուր ցեղատեսակ չէ։

Փաստեր, որոնք  ոչ  բոլորը  գիտեն  և   հետաքրքիր  են

— Բենգալի ճանկերը պետք է պարբերաբար կտրել, իսկ ճանկերը սրելու համար հատուկ հարմարանքը, որի ներկայությունը Բենգալի դեպքում պարտադիր է՝ պիտի տեղադրված լինի սովորականից  բարձր տեղում։

— Եթե Բենգալներն ապրում են տնից դուրս, ասենք, բակում, հատուկ արգելոցներում, շատ արագ վայրենանում են, քանզի նրանց նախահայրերը, ըստ որոշ ավանդազրույցների՝ ընձառյուծներն են։

 — Բենգալները գող են․ շատ են սիրում թռցնել փոքրիկ իրեր, փայլուն զարդեր, խաղալիքներ, գրիչ, մատիտ, ըստ էության,՝ ամեն մանր բան։

— Բենգալները շատ են սիրում ջուր, սիրում են լողալ։ Ընտանի Բենգալյան կատուն մնացած ցեղատեսակների պես ջուրը չի խմում թասիկից, նա թաթը մտցնում է ջուրը կամ պահում է ծորակի տակ և ապա լիզում այն։ Չզարմանաք, եթե մտնեք լոգարան ու դուռը փակելիս լսեք ձեր կատվի աղիողորմ նվնվոցը․ նա էլ է ուզում մտնել լոգարան ու ձեզ հետ հավասար լոգանք ընդունել։

— Բենգալները հիանալի որսում են ձկներ և մանր թռչուններ։ Եթե տանն ապրող թռչուններ ունեք կամ ձկներով ակվարիում, կամ այլ փոքր  արարածներ,  հատկապես կրծողներ՝ ասենք, համստերներ ու ծովախոզուկներ՝ հազար անգամ մտածեք Բենգալի ձագ ձեռք բերելուց առաջ։

— Որքան էլ տարօրինակ հնչի՝ Բենգալներն ունեն շնային որոշ հատկություններ և մեծ սիրով ընկերություն են անում վերջիններիս հետ։ Բենգալին շան նման կարող եք վզափոկով հանել զբոսանքի, նա դա շատ է սիրում։  Շնային որոշ հատկությունների պատճառով այս կատվին երբեմն անվանում են Քեթ Դոգ՝  Կատվաշուն, ամերիկյան հանրահայտ մուլտֆիլմի հերոսի անունով։ 

— Չափազանց մաքրասեր են՝ եթե ժամանակին նրանց համար հատկացված ավազը չփոխեք, իսկ դա Բենգալի դեպքում պիտի շատ հաճախ անեք, նա կգտնի ավելի մաքուր վայր՝ իր կարիքները հոգալու համար, ասենք՝ ձեր անկողինը կամ ձեր բազմոցը՝ ընտրությունը մեծ է։   

Bengal cat laying looking aside

— Շատ է սիրում լինել ուշադրության կենտրնում և ամեն տեղ գնում է տիրոջ հետևից։  Տան անդամներից, սովորաբար, միայն մեկին է համարում իր տերը։ 

— Բենգալն ակտիվ կատու է՝ անվերջ վազում է, ցատկում, թռչկոտւմ, ալպինիստի պես մագլցում է բնակարանի բարձր կետերն ու․․․բավական շատախոս է․ նա իսկապես շատ է մլավում, դա պիտի հաշվի առնել՝ նման կենդանի պահելու որոշում կայացնելիս։ Մի խոսքով՝ Բենգալյան կատվիկ ձեռք բերելուց առաջ հիշեք, որ ձեր տանն ապրելու է իր վայրի նախնիների սովորություններն ամենևին չմոռացած փոքրիկ ընձառյուծ։

Ցուցադրել ավելի
Back to top button