Հա՛ֆ, մյաո՜ւ

Երեխաների կենդանի խաղալիքը. Կուրիլյան բոբթեյլ. Հա՛ֆ, մյաո՜ւ

Միջին վիճակագրական մարդու համար կատուն փափկամազ, ճանկեր ունեցող կենդանի է, որն անվերջ քսվում է ոտքերիդ՝ խանգարելով քայլել ու գլուխդ տանում է մլավոցով, հատկապես՝ փետրվար-մարտ ամիսներին։
Բայց կատուները, իրականում, տարբեր են լինում, շա՜տ տարբեր։
Եվ տարբերվում են էականորեն։


Երբևէ լսած կա՞ք բոբթեյլների մասին։ Բոբթեյլները կարճապոչ կատուներ են։ Բայց կարճապոչ լինում են նաև շները և նրանց նույնպես անվանում են բոբթեյլ։
Իսկ բոբթեյլ կատուները, իրեց հերթին, լինում են հիմնականում երեք ցեղատեսակի՝ Կուրիլյան բոբթեյլ, Ճապոնական և իհարկե՝ Ամերիկյան բոբթեյլ։ Ինչո՞ւ իհարկե՝ որովհետև ամերիկացի կատվաբույծները շատ պատվախնդիր են և աշխատում են հնարավոր բոլոր տեսակների ու ցեղերի կատուների ամերիկյան, այսպես ասած, «տարբերակներն» ունենալ։
Կարճապոչ կատուներին անդրադառնալիս գրեթե միշտ ու ամեն տեղ հիշատակում են ևս երեք ցեղատեսակ՝ Փիքսիբոբ, Մենքս և Քիմրիք։

Եթե յուրօրինակ, բացահայտ արհեստական ճանապարհով ստացած ցեղատեսակը՝ Փիքսիբոբը վերը նշված բոբթեյլերի պես կարճապոչ է, արտաքինով լուսան հիշեցնող և ականջներին էլ լուսանի նման կարճ մազափնջեր ունի, ապա Մենքսն ու Քիմրիքն ընդհանրապես պոչ չունեն։ Բա՞․․․ անսպասելի էր, չէ՞։ Իսկ ու՞ր են նրանց պոչերը․․․երևի կորցրել են մարդաշատ մի վայրում ու մինչև հիմա չեն գտնում․․․


Կատուներ առանց պոչերի, զարմանալի է, չէ՞։ Բայց․․․փաստ է։ Ընդ որում, եթե Քիմրիքը գնդակի պես կլոր է ու ոչ միայն պոչ չունի ու նրա պոչի տեղում փոքրիկ փոս է, ապա Մենքսն էլ ավելի տարօրինակ է՝ մենքսերը ծնվում են և անպոչ և՝ պոչավոր, նայած որ կատվիկի բախտը ոնց կբերի․․․

Ինչու՞․․․ասեմ։ Քանի որ երկու անպոչ մենքսերի խաչասերումից ձագեր չեն ծնվում, կատվաբույծները ստիպված խաչասերում են անպոչ ու պոչավոր մենքսերի։ Նման դեպքերում սերունդ լինում է, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել ու մանավանդ երաշխավորել, թե ապագա մենքսիկներն ինչպիսին կլինեն՝ արդյո՞ք նորածին ձագերը պոչ կունենա՞ն, թե կծնվեն անպոչ․․․դա բախտի բան է։
Ասեմ, որ կարճապոչ Փիքսիբոբը, ինչպես նաև անպոչ Մենքսն ու Քիմրիքը բավականին թանկ ցեղատեսակներ են։

Բայց, ձեր թույլտվությամբ, վերադառնանք մեր այսօրվա հերոսին՝ Կուրիլյան Բոբթեյլին։
Կուրիլյանբոբթեյլ
Կուրիլյան Բոբթեյլը աբորիգեն է, այսինքն՝ բնիկ, իր հողում ծնված, իր հողում ձևավորած։ Կուրիլյան երկու հիմնական կղզիներում՝ Կունաշիր և Իտուրուպ։ Կուրիլյան բոբթեյլի ծագման մի քանի վարկածներ կան, ըստ հիմնական վարկածի՝ բոբթեյլը մետիս է, խառնածին։ Նրա, չակերտավոր «ծնողներն» են Ճապոնական կարճապոչ բոբթեյլն ու ծովայինների կողմից Կուրիլյան կղզիներ բերված Սիբիրյան կատուն։
Խորհրդային տարիներին Սովետական ֆելինոլոգիական ֆեդերացիայում ստեղծվեց նախնական չափորոշիչ, երբ մասնագտները համզվեցին, որ բոբթեյլի կարճ, «փոնփոն» պոչը ոչ մի վնասակար ազդեցություն չի ունենում կազմվածքով նապաստակ հիշեցնող կատվի վրա, իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերին ֆեդերացիան հրապարակեց Կուրիլյան բոբթեյլի առաջին ստանդարտները, այսինքն՝ ցեղատեսակին բնորոշող չափորոշիչները, որոնց չնչին իսկ խախտման դեպքում կենդանին իրավունք չունի կոչվել զտարյուն ցեղատեսակի ներկայացուցիչ։

Կուրիլյան բոբթեյլը, որի գեներում հոսում է իր վայրի ու ազատատենչ նախնիների արյունը՝ շատ ինքնագուխ ու ազատասեր կենդանի է։ Եթե դեռ վաղ տարիքից ձագին չովորեցնեք, թե ով է տան իրական տերը՝ նա այդ դերը վկերապահի իրեն և կփորձի ձեզ դարձնել իր քմահաճույքների գերին։ Բայց եթե ենթարկվում է տիրոջը՝ վերջինս դառնում է կարճապոչ կատվիկի իրական կուռքը՝ մի ծայրահեղությունից մյուսը։
Կուրիլյան բոբթեյլը չտեսնված խելացի ու խորամանկ կատու է, ի տարբերություն մյուս ցեղատեսակների՝ նա իր չարություններն անում է թաքուն, տերերից աննկատ, աշխատելով չբռնվել «հանցագործության վայրում», որ հետո ապացուցելը դժվար լինի։ Նա նաև ամենահետաքրքրասեր ցեղատեսակներից է, քիթը մտցնում է ամեն տեղ, իսկ ահա փոքր երեխաների հետ համբերտար է ու դիմանում է ամեն կարգի փորձությունների, ասես երեխաների կենդանի խաղալիքը լինի։
Բոբթեյլն իր կազմվածքով իսկապես նապաստակ է հիշեցնում՝ փոքրիկ, ցցված պոչ, դիմացի թաթերը կարճ են, հետևինները՝ երկար, ինչի պատճառով կենդանու հետևը միշտ բարձր է ու քայլվածքն էլ մի թեթև թռվռան։

Մի խոսքով, եթե լուրջ կատվասեր եք՝ չեք կարող նրանով չհիանալ։

Հ․Գ․ Ու վերջում, մի խորհուրդ էլ տամ, սիրելի կենդանասերներ, հատկապես կատու պահելիս, եթե ուզում եք մեկից ավել կենդանի ունենալ տանը, աշխատեք չընտրել տարբեր ցեղատեսակներ։ Ոմանք գուցե էս խորհրդիս հետ չհամաձայնեն, բայց համարձակվում եմ պնդել, որ դա կարևոր է, թե՛ ձեր և, թե՛, կենդանիների համար։
Լավ եղեք ու բարևեք իմ անունից ձեր տան կենդանուն, ասեք՝ Քրիստը հատուկ ու ջերմ բարևներ է հղում։ Նա կհասկանա։

Ցուցադրել ավելի
Back to top button