Հա՛ֆ, մյաո՜ւ

Հնում՝ Metzgerhund՝ մսագործի շուն, այսօր Ռոթֆեյլեր․ Հա՛ֆ, մյաո՜ւ

Շատերը համոզված պնդում են, որ սա գերմանական ցեղատեսակ է և նույնիսկ ժամանակաշրջանն են նշում՝ ասելով, որ այս ուժեղ, խելացի, պատվախնդիր շները Գերմանիայում հայտնվել են 18-րդ դարի կեսերին։ Հայտնվել, տվյալ դեպքում նշանակում է՝ ձևավորվել են որպես ավարտուն ցեղատեսակ։ Բայց, փաստ է նաև, որ Ռոթֆեյլերի նախնիները Հռոմից են, և Հռոմի արշավանքների հետևանքով, հատկապես զորավար Կլավդիոս Ավգուստոսի կամ՝ Օգոստոսի օրոք, ուղեկցելով լեգիոներներին, նրանց կողմից բերվել են Գերմանիա ու կոչվել գերմանացի մսագործների շներ։ Ռոթֆեյլերի նախնիները հսկում ու պահպանում էին կաթնատու ու մսատու կենդանիներին, որոնց հոտերը քոչում էին հոմեական լեգիոնների հետ՝ վերջիններիս սննդամթերքով ապահվելու համար։ Երբ Կլավդիոսի զորքը հաստատվեց ներկայիս Գերմանիայի տարածքում՝ ռոթֆեյլերներն սկսեցին ակտիվ բազմանալ։Ու քանի որ ֆիզիկապես ուժեղ էին, առևտրականներն սկսեցին նրանց օգտագործել նաև որպես լծկան շներ՝ ոչ մեծ բեռներ տեղափոխելու համար։ Նրանցով հատկապես հետաքրքրվեցին մսավաճառները, էստեղից էլ Ռոթֆեյլերի նախնական անվանումը՝ Metzgerhund՝ մսագործի շուն։

Ով՝ ինչ ասի, Ռոթֆեյլերի արտաքինն էդ իմաստով ամենախոսունն է․ լավագույն ապացույցն այն փաստի, որ նա սերում է հայտնի մոլոսուսներից, իսկ մոլոսուսները համարվում են հունական, ու, մասամբ նաև, հռոմեական ցեղատեսակ։
Ռոթֆեյլերն իր պաշտնական գրանցումն ստացել է 1955 թվականին և անվանակոչվել՝ ի պատիվ Նեկկար գետի ափին գտնվղ Րոթվայլ քաղաքի։
Ներկայումս Ռոթֆեյլերը գրանցված է համաշխարհային համբավ վայելող ոչ ավել, ոչ պակաս՝ 16 կինոլոգիական ֆեդերացիաներում։
Մանգամից ասեմ էն, ինչ չեմ կարող չբարձրաձայնել որպես զգուշացում՝ որոշ երկրներում Ռոթֆեյլերն արգելված ցեղատեսակ է։
Չափսերով խոշոր շուն է՝ արուների հասակը հասնում է մինչև 68 սանտիմետրի։
Երբ Եվրոպայում սկսեց զարգանալ երկաթուղային տրանսպորտը՝ կամաց-կամաց դադարեցին ռոթֆեյլերներին օգտագործել որպես լծկան շներ, և նրանց քանակը նկատելիորեն պակասեց։ Սակայն՝ չվերացավ։ Ռոթֆեյլերի վերածնունդն սկսվեց 1901 թվականին, երբ գերմանական ոստիկանը, նրա օգնությամբ, միայնակ, կարողացավ քշել, ցրել ագրեսիվ պահվածքով նավաստների մի մեծ խմբի։ Նրանք՝ վախենալով հուժկու շնից՝ սարսափահար փախուստի դիմեցին ։ Դեպքը լուսաբանվեց մամուլում և Ռոթֆեյլերին շատերը վերապրոֆիլավորելով՝ սկսեցին օգտագործել որպես պահապան շուն։ Էդ օրերից, փառապանծ ու անվախ Ռոթֆեյլերին նկատեց ու «որդեգրեց» գերմանական ոստիկանությունը, որը մինչ այդ, կարգուկանոն հաստատելու նպատակով, օգտագործում էր միայն գերմանական հովվաշանն ու էրդելթերիերին։
Մոտավորապես 1914 թվականից Ռոթֆեյլերը հայտնվեց Ռուսաստանում, ուր, հետագայում, խաչասերումների արդյունքում, դարձավ ապագա երկու ռուսական ցեղատեսակների՝ Սև թերիերի և Մոսկովյան վադալազի՝ ջրասուզակի նախահայրը։
Հետո Ռոթֆեյլերը գրոհեց ու գրավեց Նոր աշխարհը՝ Ամերիկան։

Հանգիստ վիճակում ռոթֆեյլերը հանդարտ ու անգամ ալարկոտ շան տպավորություն է թողնում, բայց, էսպես ասած, գործի մեջ միանգամից կերպարանափոխվում է՝ դառնալով առավել քան ակտիվ ու շատ շարժուն։
Ներկայումս, Ռոթֆեյլերի պոչն ու ականջները կտրելը չի խրախուսվում և անգամ արգելված է, ի տարբերւթյուն հին օրերի։
Ռոթֆեյլերը լավ է դիմանում ցրտին․ դա նրա առավելություններից մեկն է։ Ռոթֆեյլերը նաև հանգիստ շուն է, տանը նա չի սիրում վազվզել, թռչկոտել ու անհանգստություն պատճառել տերերին։ Ռոթֆեյլերը լսող շուն է, հեշտ վարժեցվող, սակայն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել էն մարդկանց մոտ, ովքեր տառապում են նման ցավով։
Ռոթֆեյլերն արագ գիրանում է, և պետք է խիստ հետևել նրա սննդակարգին։
Եվ վերջում, մի էպիզոդ վերհիշեմ, կապված Ռոթֆեյլերի հետ։
2 տարի առաջ նկարահանում էինք «Իմ սիրտը քոնն է, Միքայել» գեղարվեստական ֆիլմը, որի սցենարիստն ու ռեժիսորն էի։ Մեզ պետք էին կադրեր երեկոյան Երևանի աշխույժ անցուդարձից, ու, բնականաբար, գնացինք Հյուսիսային պողոտա։ Անմիջապես նկատեցի երիտասարդ տիրոջ հետ նստած մի հսկայական ռոթֆեյլերի՝ մետաղական հաստ շղթայով կապած։ Օպերատորին հետս տարա շան կողմը, որ նկարենք, բայց նրա գազանային մռնչոցն ու վրաս հարձակվելը մեկ եղավ։ Տերը բարկացած բղավեց, որ հետ քաշվենք․ շունը հարձակվելիս քիչ մնաց տապալեր տիրոջը։
Ես պատկերացրի, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե շունը դնչկալով չլիներ։
Դրա համար էլ խնդրում ու պահանջում եմ, սիրելի շնատերեր․ երբ նման խոշոր կենդանուն հանում եք հասարակական վայր՝ զբոսանքի, անպայման դնչկալ հագցրեք մռութին, այլապես կարող են շատ տխուր հետևանքներ լինել՝ շունը պահպանում է տիրոջը, և ուզածդ կտրուկ շարժում անծանթի կողմից՝ ընկալում է որպես ոտնձգություն նրա հանդեպ։
Սիրեք ու փայփայեք ձեր ընտանի կենդանուն, նա անմնացորդ նվիրված է ձեզ և դուք նրա համար գրեթե աստված եք։

Ցուցադրել ավելի
Back to top button