Հա՛ֆ, մյաո՜ւ

Քաջ, ինչպես Կորսոն. Հա՛ֆ, մյաո՜ւ

Երեկ Երևանի կենտրոնում նորից տեսա Կանե-Կորսո ու նորից մեջս տակնուվրա եղավ, առանց չափազանցության։ Ու թեև ինձ համար շների շունը եղել ու մնում է մեր հանճարեղ հայկական Գամփռը, որը բոլոր իմաստներով գրեթե կատարելություն է, բայց Կանե-Կորսոն պակաս հարազատ չի իմ  հոգուն։ Քանզի հին, դարերով փորձված ցեղատեսակ է, ընտիր արտաքինով, հիանալի տվյալներով ու իսկական, ազնվացեղ շանը վայել կենդանական արժանապատվությամբ։  

Եվ էսպես, ո՞վ է Կանե-Կորսոն, մի շուն, որն իր հանգիստ, վստահ ու վեհ կեցվածքով անգամ շուն չսիրողի մոտ հարգանքի ու պատկառանքի զգացում է արթնացնում։

Կանե-Կորսոն հին, իսկապես շատ հին ցեղատեսակ է, Մոլոսուսների հայտնի, փառապանծ ընտանիքի լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա բնավորությունը ձևավորվել ու կոփվել է դարերով: Շուն, որը ներկա է եղել մարդկության պատմության շատ վայրիվերումների, և իր իմաստուն լռությամբ հանդերձ՝ շատ բան ունի պատմելու։ Բայց բոլոր խելացիների պես՝ զուսպ ու անվրդով լռում է։

Անկեղծորեն խոստովանում եմ, սիրելի կենդանասերներ՝ կանխակալ վերաբերմունք ունեմ Կանե-Կորսոյի հանդեպ ու եթե մեր բնակարանը փոքր չլիներ՝ իմ սիրելի Ֆելո կատվի հետ մեկտեղ հաստատ Կանե-Կորսո կպահեի։ Բայց դա էն շունը չի, որ պարզապես պահես, Կանե-Կորսոն պատմություն է, առանձնակի հպարտության ու հոգածության առարկա և անգերազանցելի ուղեկից, որի հետ կապվում ես հոգուդ բոլոր լարերով։

Կանե-Կորսոն ծագումով հռոմեական շուն է, ինչպես նրան անվանում են՝ շուն- գլադիատոր, անգերազանցելի, անվախ ու խելացի մարտիկ, իսկական, ազնվական ռազմիկ։

Իր մռայլ ու խարիզմատիկ արտաքինով շրջապատին պատկառանք է ներշնչում իսկ չիմացողներին՝ նաև վախ։

Կարդացե՞լ եք Արթուր Քոնան Դոյլի նշանավոր «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին» գրքի ամենախորհրդավոր պատմություններից մեկը՝ «Բասքերվիլների շունը»։ Ահա ուրեմն՝ Բասքերվիլների շունը հենց Կանե-Կորսոն է, որ կա։

Չարժի ամենինչ տեսնող ու նկատող, սեփական գերազանցության ընդգծված զգացումով օժտված, կշռադատող ու հիանալի պաշտպանական բնազդ ունեցող Կանե-Կորսոյին անխոհեմ կերպով չարացնել՝ հետո տակից դուրս չեք գա։

Ինչպես հայտնի է՝ շունը տիրոջն է քաշում։ Բայց Կանե-Կորսոն անհատականություն է, իրապես լեգենդար ցեղատեսակ, լա՜վ մտածեք՝ արդյո՞ք պատրաստ եք նման կենդանի պահել, թե՞ ուղղակի ուզում եք տանը սև հովազ ունենալ։ Եթե երկրորդն է՝ ձեռք քաշեք էդ մտքից, էս շանը պետք է զգալ ու հասկանալ, նա ամեն մեկի խելքի բանը չի։

Երևի մի քիչ շատ վախեցրեցի ձեզ։ Հիմա թվեմ նրա դրական կողմերը՝ ազնվական բնավորություն, մեծահոգի ու զուսպ, տիրոջ նկատմամբ ընդգծված ջերմ, մանրախնդիր չէ, հպարտ է իր գլադիատոր նախնիների պես և շատ հաճախ նրան պարզապես հնարավոր չէ հունից հանել՝ ամեն պատահական շան հաչոց, բառիս բուն իմաստով՝ Կանե-Կորսոն բանի տեղ չի դնում։

Օտարներին նա, թվում է, իսկապես չի նկատում, քանի դեռ չեն մոտեցել իր սիրելի տիրոջը վտանգավոր տարածության վրա։ Իրականում Կանե-Կորսոն աչքի տակով հետևում է բոլորին։

Չխաբվեք, նրա ուշադրությունը թմրեցնել հնարավոր չէ։ Սա, ինչպես ասում են՝ մի տիրոջ շուն է, ոտքից գլուխ հավատարմություն, պատրաստ սիրելի տիրոջ համար կյանքը զոհելու, նա ընդհանրապես վախ չունի։ Բայց հարգում ու պաշտպանում է նաև տիրոջ ընտանիքը, դա՝ անխոս։

Կանե-Կորսոն ֆիզիկապես չտեսնված ուժեղ է ու նաև՝ ամենաիսկական ինտելեկտուալ, հավասարակշռված ու կշռադատող։

Եվս մի մեծ առավելություն՝ բացարձակ փափկասուն չի ու կհարմարվի նույնիսկ ոչ էնքան տանելի պայմաններին՝ ձեզ սիրելով։ Բայց դա արդեն ձեր, մարդկային խղճի հարցն է, համենայն դեպս, ինչպես ասում են՝ ավելորդ թիթիզություններ երբեք չի ցուցաբերի, Կանե-Կորսոն լուրջ շուն է, վերաբերմունք գնահատող։

Բայց նա նաև ահռելի ներքին ուժի տեր է, բացարձակ խորհուրդ չեմ տա Կանե-Կորսո պահել փոփոխամիտ, անվստահ մարդկանց՝ շունը դա կզգա ու կփորձի ինքը դառնալ լիդեր, ղեկավար, առաջնորդ։ Իսկ դա անընդունելի է բոլոր առումներով։

Կանե-Կորսոն ակտիվ է, սիրում է շփվել, ընկերություն է անում անգամ կատուների հետ, բայց մարդու կողմից արժանի ուշադրության պակասի պատճառով ընկճվում է, կարող է դադարել նորմալ սնվել։ Կամ էլ հակառակը՝ տալիս է իրեն որկրամոլության՝ բառացիորեն ընկճախտը փորձելով «բուժել» շատակերությամբ։

Էլեգանտ ու ռեակտիվ, զուսպ, բայց սրտաբաց։ Ու խորամանկ՝ էսպես են նրան բնորոշում։ Վերածննդի դարաշրջանում նրան հաճախ են պատկերել կտավներում, ձոնել են քանդակներ։

Իտալիայում մինչև հիմա թևավոր խոսք կա՝ «Քաջ, ինչպես Կորսոն»։

Պատկերացրեք, որ էս հրաշք շունը գրեթե ոչնչացման եզրին էր հասել։ Բայց այնուհանդերձ գտնվեցին Իտալիայում իսկական նվիրյալներ, ովքեր երկրով մեկ փնտրելով ու գտնելով ընդամենը մի քանի զտարյուն շուն, անձնվիրաբար վերականգնեցին իրենց համազգային լեգենդն ու հպարտությունը, հուրախություն, ողջ շնասեր աշխարհի։

Խոնարհում նրանց, էդ անհայտ, բայց մեծ մարդկանց։

Ավարտելով ասեմ՝ թույլատրվում են Կանե-Կորսոյի մի քանի գունավորումներ, ինչպես նաև՝ սպիտակ բծեր թաթերին, նաև՝ կրծքին։ Բայց քիթը պիտի լինի միայն սև։ Ավելորդ է ասել, որ խոսքները մեկ արած՝ աշխարհի բոլոր Կանե-Կորսո սիրողները գերադասում են ունենալ շուն, որը ոտքից գլուխ սև է, նույն գույնի աչքերով, որոնք առաջին հայացքից, բոլոր մաստիֆների աչքերի նման՝ թվում են ասես դաժան ու արյունակալած, բայց իրականում ճառագում են ինքնավստահ հանդարտություն ու մեծահոգություն։

Քանի դեռ, ժողովրդի լեզվով ասած՝ տիրոջը բան ասող չկա։

Ողջույններս բոլոր Կանե-Կորսոների տերերին՝ դուք հրաշալի շուն ունեք, լավ պահեք նրան, նա ձեր ու ձեր ընտանիքի պահապան հրեշտակն է։   

Ցուցադրել ավելի
Back to top button