Հա՛ֆ, մյաո՜ւ

Փագ կամ Մոպս — Հա՛ֆ, մյաո՜ւ

Մեր հյուրասրահում այսօր մի ընտիր, դեկորատիվ շնիկ է, որին մեզ մոտ կոչում են Մոպս։ Իսկ անգլերեն նրան ասում են Pug (փագ)։ Փագը կամ մոպսը դեկորատիվ շնիկ է, նաև՝ ուղեկցող շուն։

Մոպս նրան անվանում են հոլանդացիները, քանզի այս  բնիկները, բերված Չինաստանից, իրենց նախնական տարածումը հին ախարհում գտել են նախևառաջ արևմտյան Եվրոպայում, ավելի ստույգ՝ Հոլանդիայում, կամ ինչպես իրենք են իրենց երկիրը կոչում՝ Նիդերլանդիայում։

Եվ այսպես, մոպսերը Չինաստանից Եվրոպա հասան 16-րդ դարում։ Իսկ արդեն 19-րդ դարում Միացյալ Թագավորության, այսինքն՝ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան, ավելի ճիշտ՝ Ալեքսանդրինա Վիկտորիան այնքան սիրեց այս ցեղատեսակը, որ նրա օրինակով շատ անգլիացի պալատականներ նույնպես սկսեցին փագեր պահել, իրենց տիրուհուց հետ չմնալու համար։

Փագը շփվող է ու փաղաքուշ, նաև՝ ջերմ, հավասարակշռված բնավորություն ունի, չտեսնված համակրելի է և 2004 թվականին կայացած շների համաշխարհային ցուցահանդեսում հռչակվել է «Տարվա շուն»։

Ինչպես և շատ ուրիշ ցեղատեսակներ, որոնք բերվել են արևելքից՝ մոպսերի, այսպես ասենք «գործերով, թղթերով, զարգացման ու բուծման ստանդարտներով զբաղվում է․․․երևի արդեն ինքներդ կռահեցիք՝ Մեծ Բրիտանիան։ Կզարմանայի, եթե էդպես չլիներ․․․

Ինչևէ՝ փագերը լինում են ծիրանագույն, արծաթագույն, բեժ կամ կրեմագույն ու սև։ Նրանք շատ նվիրված են իրենց տիրոջն ու առանց նրա իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում։ «Շան նման հավատարիմ» արտահայտությունը, նախևառաջ, հենց մոպսերին է վերաբերում։

Փոքրիկ, ոչ այնքան ճարպիկ, միշտ տիրոջ հայացքը որսալ ջանացող փագը նման է մանկահասակ երեխայի, որի մասին հոգ տանելը պարզապես պարտադիր է։ Որոշ շնասերներ պնդում են, որ մոպսը, էսպես ասենք ՝ առանձնապես չի փայլում իր մտավոր կարողություններով։  Հնարավոր է, որ հենց այդպես է, ինչը սակայն, ավելի է սիրել տալիս նրան։  

Մոպսերը, բոլոր պստիկ շների նման բավականին երկար են ապրում՝ միջինը 13-ից 15 տարի և նույնիսկ ավել։

Ինչպես արդեն ասացինք՝ մոպսի հայրենիքը խորհրդավոր «Անդրերկնային Կայսրությունն» է՝ Չինաստանը։ Վաղ շրջանի չինական ձեռագրերում նա հիշատակվում է որպես «քառակուսի, ցածրահասակ շուն, կարճ մռութով»։  

Մոպսերն ազնվականների շներ էին և ապրում էին արքունիքում։  

Ի դեպ, Նապոլեոն Բոնապարտի առաջին կինը՝ կայսրուհի Ժոզեֆինան նույնպես պահում էր փագ, անունն էլ՝ Ֆորտունա։  

Մոպսերը լավ խնամք պահանջող շներ են։ Պետք է հատկապես ուշադիր լինել նրանց աչքերի նկատմամբ, այլապես կարող են տառապել իրենց բնորոշ, տհաճ հիվանդությունից, որը կոչվում է «աչքի եղջերաթաղանթի քրոնիկ էրոզիա»։ Փագը պիտի ալարկոտության չտրվի ու շարժվի, այլապես դա կանդրադառնա նրա ոսկորների ամրության ու ճկունության վրա։ Բայց և չի կարելի, որ շատ վազվզի՝ նա դրանից հոգնում է։ Մոպսը նաև շնչառական դժվարություններ ունի և նրանց չի կարելի պահել տաք, հեղձուցիչ սենյակում, նա չպիտի արևահարվի։ Պիտի հետևեք նաև, որ բկլիկի պես շատ չուտի, այլապես կգիրանա ու կճարպակալի, ինչը վնաս է նրա առողջությանը։

Բոլոր կճատ քթերով շնիկների պես մոպսը քնի մեջ հաճախ խռմփացնում է։

Ավարտելով ասեմ, որ այս համակրելի, ուրախ ու անվնաս շնիկին շատ ու շատ նկարիչներ ու քանդակագործներ են անդրադարձել իրենց ստեղծագործություններում՝ Շառլ Անդրե վան Լեոն, Ալֆրեդ Դեդրյոն, Չարլզ Բարտոն և ուրիշներ։  

Այսքանը կճատ քթով, ոչ էնքան ճարպիկ, ուրախ ու բարի փագերի կամ մոպսերի մասին։ Սիրեք նրանց ու պահեք, եթե բավարար պատասխանատվության զգացում ունեք, իհարկե։

Ցուցադրել ավելի
Back to top button