Հա՛ֆ, մյաո՜ւ

Խոշոր «կտորե տիկնիկը»․ Ռագդոլ — Հա՛ֆ, մյաո՜ւ

Մեր հյուրասրահում ներկայացնում եմ չափերով երրորդ, խոշորագույն ընտանի փիսիկին՝ Սավանայից ու Մեյնքունից հետո։ Նրան կոչում են Ռագդոլ, որը թարգմանաբար նշանակում է կտորե տիկնիկ։  

Չքնաղ կատու է Ռագդոլը՝  նրբանկատ, հանգիստ, ընկերասեր։ Անչափ նվիրված է տիրոջը։ Ռագդոլը փարթամ, խիտ մազածածկույթ ունի, և, ինչ որ իմաստով, իսկապես,  հիշեցնում է մեծ ու գեղեցիկ տիկնիկի։

Ինչպես արդեն ասացի, նա անսահման նվիրված է տիրոջը։ Տերը նրա համար, առանց չափազանցության, աշխարհի կենտրոնն է։ Առանց տիրոջ մնալը՝ Ռագդոլի համար կատարյալ փորձություն է։

Երեխաները շատ են սիրում խաղալ նրա հետ և մեծերը կարող են ընդհանրապես չանհանգստանալ երեխաների համար ։Ռագդոլի հոգում ու բնավորության մեջ ուղղակի բացակայում է ագրեսիան։

Շատ զգայուն է ու հեշտ է նրան նեղացնելը։ Բարձաձայն վեճերն ու բղավոցները էս չքնաղ կենդանուն գցում են ընկճախտի՝ դեպրեսիայի մեջ։ Դրա համար էլ, զգացմունքային, հախուռն բնավորությամբ մարդուն  երբեք խորհուրդ չեմ տա Ռագդոլ պահել․․․ կենդանին իսկապես մեղք է։

Տգեղ, սկանդալային տեսարանների ականատես լինելիս՝ Ռագդոլը գլուխն առնում ու թաքնվում է որևէ տեղ։Նա չի կարող և սովոր էլ չէ ինքն իրեն պաշտպանել պետք եղածի պես։ Եթե նրան երկար ժամանակ մենակ թողնեք՝ շատ կտխրի, կկարոտի ձեզ, հաց չի ուտի և բառացիորեն կհիվանդանա։

Ռագդոլի մորթու գունային գաման շատ խիստ կանոնակարգված է։ Լինում են երեք հիմնական գույնի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին, ունի 4 նրբերանգ։ Ձագերը ծնվում են ձյան նման ճերմակ, հետո, մոտավորապես 2 տարեկանում արդեն ձեռք են բերում իրենց հիմնական գունավորումը։

Իմացեք նաև, որ Ռագդոլները բավականին շատախոս են, նրանք սիրում են շփվել։  

Ռագդոլը սիրում է տեղավորվել մարդու գրկում, ավելի ճիշտ՝ ծնկներին ու երկար մնալ էնտեղ, հիմնականում մինչև մարդն իջեցնի նրան գրկից, թե չէ ինքը՝ սեփական կամքով դա հազվադեպ է անում։

Ի տարբերություն գրեթե մնացած բոլոր ցեղատեսակների, որոնք սիրում են բարձր տեղերում նստել Ռագդոլը սեր ունի դեպի ցածր տեղերը,  նա սիրում է փռվել հատակին ու գորգին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button