Հա՛ֆ, մյաո՜ւ

Սավանա — Հա՛ֆ, մյաո՜ւ

Վերջերս շներից շատ խոսեցի և կատուներն արդարացիորեն ինձնից նեղացան․․․իրավունք ունեն, ընդունում եմ, դրա համար էլ հավասարակշռությունը մեր ծրագրում պիտի վերականգնեմ ու խոսեմ կատուներից։

Հիմա ձեզ եմ ներկայացնելու աշխարհի ամենահիասքանչ կատվատեսակներից մեկին՝ անկրկնելի Սավանային։ Սա էնպիսի մի հրաշք կենդանի է, որի մասին, ամենից լավ ասված է մեր ժողովրդական խոսքում․«Չուտես, չխմես՝ վրան նայես»։

Միանգամից ասեմ, Սավանան խառնուրդ է, բայց ի՜նչ խառնուրդ՝ տնական կատվի և աֆրիկյան Սերվալի։

Նրա պատմությունը սկսվել է վերջերս՝ 2001 թվականին, Ամերիկայում։ Պատվախնդիր կատվաբույծներն իրենց առջև խնդիր էին դրել ստանալ տան ընտանի կատու, բայց մեծ չափերի։

Իսկ ինչո՞ւ մեծ չափերի: Բարձրաձայնեմ  իմ վարկածը․ մարդիկ սիրում են վայրի բնությունն ու նրա ներկայացուցիչներին, բայց էդ ամենը սիրում են․․․իրենց տանը։ Սա, միաժամանակ, և՛ փառասիրություն է, և՛ բնությանը նետված մարտահրավեր, նաև՝ հիանալի բիզնես նրանց համար, ովքեր շներ ու կատուներ են բուծում։

Մենք արդեն ասել ենք, որ երբ մոլորակի որևէ կետում աշխարհ է գալիս շան կամ կատվի նոր, հաջողված ցեղատեսակ՝ անվերջանալի հերթեր են գոյանում մոլորակով մեկ, քանզի գումար ունեցող, կամ պարզապես՝ բնությունը պաշտող միլիոնավոր մարդիկ, բառացիորեն, սկսում են տառապել նոր կենդանատեսակ ձեռք բերելու սևեռուն գաղափարով։

Էդ իմաստով, Սավանան ամենավառ օրինակներից է։

Որոշված էր, որ կիսավայրի կատուն պիտի ունենա բնության գրկում ազատ ապրող կենդանու արտաքին և գունավորում, բայց պիտի լինի հեզ ու լսող, տիրոջը ենթարկվող։

Խնդրի լուծումը, բնականաբար, վայրի և ընտանի կատուներին խաչասերելն էր։ 

Որպես վայրի բնության ներկայացուցիչ ընտրվեց աֆրիկյան Սերվալը։ Իսկ որպես ընտանի կատուներ հանդես եկան եգիպտական Մաուն, Օրիենտալ Կարճամազը, Օցիկետը և Բենգալյան կատուն, որը նույնպես, եթե հիշում եք մեր նախորդ եթերներից՝ վայրի ցեղատեսակից ստացված ընտանի կատու է։

Եթե որոշեք Սավանա պահել, կատվաբույծները ձեզ կառաջարկեն երկու տեսակ․ առաջին դեպքում, երբ կատվիկի երկու ծնողներն էլ հենց սավանաներ են, երկրորդ դեպքում՝ երբ ծնողներից մեկը Սավանա է, իսկ մյուսը, նույն աֆրիկյան Սերվալը։ Երկու դեպքում էլ՝ ստացված սերունդը կոչվում է Սավանա։

Կատվաբույծ Ջուդի Ֆրենքի ջանքերով 1986 թվականի ապրիլի 7-ին լույս աշխարհ եկան առաջին երկու կատվիկները։ Հետո Պատրիկ Քելլին և Ջոյս Սրոուֆեն մշակեցին ցեղատեսակի հաստատագրման փատաթուղթը։ Կատուների միջազգային ասոցիացիան՝ TICA-ը ընդունեց դա՝ ի գիտություն և գրանցեց կատվիկին։ Բայց, պաշտոնապես, Սավաննան որպես առանձին ցեղատեսակ գրանցվել է, ինչպես սկզբում նշեցի՝ 2001 թվականին։

Իսկ 2015 թվականին Սավանան դարձավ աշխարհի ամենաթանկ ընտանի կատուներից մեկը։

Սավանան հանգիստ կենդանի է, մեջքի բարձրությունը հասնում է մինչև 60 սմ-ի, քաշը՝ գրեթե 15 կիլոգրամ է՝ միջին կատվից համարյա 3-4 անգամ ավելի։ Սավանային մոտ 3 տարի է պետք՝ իր իդեալական չափերին հասնելու համար։ Նա հարմարվող է, բայց խաղալու համար պահանջում է բավականին մեծ տարածություն, սիրում է մաքուր օդ, ջրից չի վախենում, սիրում է լոգանքներ, լեզու է գտնում ուրիշ ընտանի կենդանիների հետ, մինչև կյանքի վերջը կենսուրախ է ու առույգ։ Իսկ տիրոջն էնպես է նվիրված, ասես, շուն լինի։ Նրան, ինչպես և Մեյնքունին՝ կարելի է վզափոկով հանել զբոսանքի, ինչը գրեթե պարտադիր է։ Իհարկե դա ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տա անել անչափահասներին։Միայն չափահաս մարդուն, որը պատրաստ է, ասենք, պատահական շան հարձակման ժամանակ գրկել սեփական կատվին ու պաշտպանել նրան հարձակումից, իմանալով, որ խուճապի մատնված կատուն իր խոշոր ճանկերով տիրոջն էլ կարող է չուզելով վնասել։  

Սավանայի առավելություններից մեկը՝ նա ապրում է ավելի երկար, քան շատ ու շատ ընտանի կատուներ՝ 17-ից  20 տարի։ Նկատի ունեցեք, որ Սավաննան չի սիրում ցուրտ, նրա ծնողների հայրենիքը տաք ու արևոտ Աֆրիկան է։

Իհարկե, կարելի է նրան էլ պարզապես պահել տան եղած ուտելիքով ու զբոսանքի հանել միայն հնարավորության դեպքում, երբեմն-երբեմն՝ «երբ ժամանակ կա»։ Բայց կենդանին մեղք է, նա կարող է դառնալ տխուր ու ինքնամփոփ։

Իսկ դա նշանակում է, դեմ գնալ ամենազոր Մայր Բնությանը։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button