Հա՛ֆ, մյաո՜ւ

Ասիական Թաբբի․ Հա՛ֆ, մյաո՜ւ

Մեծ Բրիտանիայում ստացված տեսակ է սա, ընտիր մի կենդանի, ինչպես բոլոր փափկամազիկները, պատկանում է ասիական կարճամազ կատուների խմբին։ Ցեղատեսակի մյուս ընդունված անվանումն է՝ Ասիական Կատու։ Որպես առանձին ցեղատեսակ գրանցվել է Մեծ Բրիտանիայում 1990-ին, ինքն՝ համեմատաբար վերջերս։

Առանձնապես շատ տարածված չէ մոլորակում, այդ իսկ պատճառով գինը տատանվում է 800-ից 1000 դոլլարի միջև։ Իհարկե շատ ավելի թանկ կատուներ էլ կան, բայց սա ցածր գին չէ, հավատացնում եմ ձեզ, մանավանդ եթե խոսքը գնում է զտարյուն Ասիական Թաբբիի մասին։

Նրան ստացել են, խաչասերելով Բիրմայի կատվին Պարսկական Շինշիլլայի հետ, իսկ ավելի ուշ՝ Բիրմայի Կատվին այսպես ասած խառնել են Հաբեշական կատվի հետ ու նոր խաչասերել Պարսկական Շինշիլլայի հետ։ Հաբեշական կատուն մեր հյուրասրահում, եթե հիշում եք՝ արդեն եղել է։

Ասիական Թաբբին ամրակազմ կենդանի է, միջին չափերի, ունի կլորավուն, զորեղ կուրծք, օվալաձև, շատ գեղեցիկ, աչքի ընկնող թաթեր։ Պոչն ուղիղ է, միջին երկարության, մազը կարճ է, փայլուն ու բարակ, հավելյալ աղվամազ չունի։ Ունի լայն, մեծ ականջներ, որոնք մի թեթև հակված են առաջ։ Ականջների արտաքին ուրվագծերը շարունակում են մռութի դիմագծերը։

Ականջները նույնպես մեծ են, հեռու տեղադրված։ Շատ հետաքրքիր են աչքերի կոպերը՝ վերինը օրիենթալ տեսք ունի, ներքևինը՝ կլորավուն։ Իրենք՝ աչքերը դեղնավուն են կամ ծովախեժի գույնի։ Մազածածկույթի գույները հիմնական 4-ն են, շատ տարբեր գունային երանգներով։

Ասիական կատուն շատ մարդամոտ է, չափազանց հասկացող, ակտիվ, խաղեր սիրող։ Շատ հետաքրքրասեր է, բոլոր կատուների նման։ Առանց մարդու իրեն վատ է զգում, տխրում է, պիտի կողքին լինեն գոնե ցեղակիցներ։ Ի դեպ Ասիական Թաբբին չունի տարածքային ու սեռական հողի վրա ոտնձգությունների հավակնություններ, նույն սեռի այս կատվիկները երբեք չեն կռվում, անգամ ուրիշ ցեղատեսակի ներկայացուցիչների հետ, ճիշտ էնպես, ինչպես ընկերանում ու բարեկամանում են տարբեր ցեղատեսակների շները։ 

Ասիական կատուն սիրում է թռչկոտել, մագլցել, նրան պետք է ապահովել խաղալիքներով ու տարբեր բարձրության հարթակներով՝ մագլցելու ու ցատկելու հնարավորություններ տալով։

Ասիական Թաբբին կշռում է միջինը 4-ից 7 կիլոգրամ, էգերն ավելի փոքր են չափերով ու ավելի նրբակազմ։ Իրանը երկարավուն է, շատ ամուր, զարգացած մկաններով։ Արտաքուստ թվում է ծանր ու մարմնեղ։ Մեջքի գիծն ուղիղ է։

Վերջավորությունները միջին երկարության են, մարմնի հետ համաչափ, հետևի ոտքերը մի քիչ ավելի երկար են, քան առջևինները։ Քիթը փոքր է, մազածածկույթը, թվում է՝ մետաղական փայլ ունի։

Կա պտպտավոր Ասիական Թաբբի, կա՝ վագրանման թաբբի, մարմարե թաբբի և էլի ինչպիսին ասես՝ գունավորման տեսակները տարբեր են։

Սա ամեն ինչով դասական կատու է՝ արտաքինից սկսած, վերջացրած բնավորությամբ։ Ու ոչ մասնագետ մարդու աչքը միշտ չի, որ կարող է նրան տարբերել սովորական, բակի կատվից։ Բայց Ասիական Թաբբին, կրկնեմ՝ հաստատված ցեղատեսակ է, կատուների թագավորությունում բարձր դասվող և հարգանք ու անգամ պատկառանք ներշնչող։

Այնպես որ՝ եթե երբևէ նրանից ձեռք բերեք հաստատ չեք զղջա, համոզված եղեք։

Ու ընդհանրապես, խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ունենալ նվիրված, չորքոտանի բարեկամ, բայց շատ ժամանակ չունեն նրանով առանձնապես զբաղվելու՝ ձեռք բերեք կատու։ Խորհրդավոր կենդանի, որն իր լուռ ներկայությամբ ձեզ անսահման դրական զգացողություններ պարգևել գիտի։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button