Լուրեր

Հուլիսի 21-ը՝ օրացույցում

«Սա փոքրիկ քայլ է մեկ մարդու համար, բայց հսկայական թռիչք՝ ողջ մարդկության համար»։ Ծանոթ խոսքեր են, չէ՞։ Իսկ հիշու՞մ եք, թե ի՛նչ քայլի մասին է խոսքը։ Այո, ճիշտ եք, մարդու՝ Լուսնի վրա ոտք դնելու և Լուսնի վրա կատարած առաջին քայլի մասին։ Իսկ դա եղել է 53 տարի առաջ հենց այս օրը՝ հուլիսի 21–ին։

Այնպես որ՝ սովորական օր չէ հուլիսի 21–ը։ Այն մարդկության համար մեծ ու կարևոր այս իրադարձությամբ է նշանավորված։

Լուսնի վրա առաջին ոտք դրած մարդը Նիլ Արմսթրոնգն էր՝ ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավի հրամանատարը։ Լուսնի վրա ոտք դնելու պահին Արմսթրոնգի ասած այս խոսքերը գիտենք բոլորս, իսկ գիշերային գեղեցկուհուն հրաժեշտ տալիս ի՞նչ ասվեց նրան, գիտե՞ք։

Երկիր վերադարձից առաջ «Ապոլլոն 11»–ը մի ցուցանակ թողեց Լուսնի վրա՝ հետևյալ մակագրությամբ․ «Այստեղ առաջին անգամ Երկիր մոլորակից մարդիկ ոտք դրեցին Լուսնի վրա։ Մեր թվարկության 1969 թվական, հուլիս։ Մենք խաղաղությամբ ենք եկել ողջ մարդկության անունից»։

Հուլիսի 21–ը Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան օրն է։ Եթե նույնիսկ շատ լավ ծանոթ չենք Հեմինգուեյի գործերին, կա մեկը, որը պետք է որ կարդացած լինենք բոլորս․ այն ընդգրկված է դպրոցական ծրագրում։ Ճիշտ հիշեցիք, «Ծերունին և ծովը» վիպակի մասին է խոսքը։

Մեծ գրողի մյուս գործերն էլ են սպասում մեզ։ Փնտրենք, գտնենք և կարդանք։

Ի դեպ, գիտեի՞ք, որ Հեմինգուեյը նախևառաջ լրագրող էր, և իր առաջին լրագրողական քայլերն էլ հենց դպրոցից է սկսել այնպես, ինչպես մենք՝ Ռադիո Արևկի պատանի լրագրողներս։ Նա ռեպորտաժներ ու փոքրիկ հոդվածներ էր գրում, որոնք տպագրվում էին դպրոցական թերթում։ Եվ հենց այդ ժամանակ էլ որոշել է, որ գրող է դառնալու։

Շատ հետաքրքիր, արկածներով և ուղևորություններով լի կյանք է ունեցել Հեմինգուեյը։ Եվ նրա կյանքի մասին կարդալն էլ է հետաքրքիր։ Գուցե հենց այս ամա՞ռ հայտնաբերենք մեծ գրողին ինքներս մեզ համար։

Ցուցադրել ավելի
Back to top button