Լուրեր

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը:

Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

— Արձակ,
— Պոեզիա,
— Դրամատուրգիա,
— Մանկապատանեկան գրականություն:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:

Մրցույթին պետք է ներկայացնել՝

— ինքնակենսագրություն (CV),
— 3 պատմվածք /էսսե կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
— 10 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
— 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:
— 1 հեքիաթ/պատմվածք կա՛մ 1 պատկերազարդ պատմություն, կա՛մ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 20 էջ), կա՛մ 10 բանաստեղծություն՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի համար:

Վեպի և վիպակի պարագայում առանձին ներկայացնել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ): Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։ Հաղթողները կստանան դրամական պարգև 300.000-ական դրամ։

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) բաժնում՝ գրողի անունը և ազգանունը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։

Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button