Լուրեր

Ինչպե՞ս և ու՞մ կողմից է բացվել աշխարհում առաջին կրկեսը

1777 թվականի հենց այս օրը՝ օգոստոսի 4–ին է Լոնդոնում բացվել աշխարհում առաջին կրկեսի շենքը։ Իհարկե, կրկեսի՝ որպես թատերարվեստի տեսակի պատմությունը հնագույն ժամանակներից է սկսվում։ Բայց ժամանակակից ընկալմամբ կրկեսի պատմությունն սկսվում է այս տարեթվով՝ 1777թ․ և այս ամսաթվով՝ օգոստոսի 4։

Իսկ պատմությունը հետևյալն է։

1770 թվականին, զինվորական ծառայությունից վերադառնալով, թեթև հեծելազորի ավագ սերժանտ Ֆիլիպ Ասթլեյը Լոնդոնում ձիավարության դպրոց հիմնեց։ Որոշ ժամանակ անց Ասթլեյն սկսեց վարպետ ձիավարների մասնակցությամբ փոքրիկ ցուցադրական ելույթներ կազմակերպել։ Դրանք գրավում էին հանդիսատեսներին, և Ասթլեյը որոշեց, որ կարելի է նաև հատուկ շենք ունենալ այսպիսի ներկայացումների համար։ Շենքը կառուցվեց և ստացավ «Ասթլեյի ամֆիթատրոն» անունը։

Գմբեթաձև տանիք, շրջանաձև դահլիճ՝ հանդիսատեսի համար, ասպարեզ՝ ձիավարների ելույթների համար, բեմ և մի հատված էլ՝ նվագախմբի համար․ այսպես էր կառուցված «Ասթլեյի ամֆիթատրոնը»։

1777թվականի օգոստոսի 4–ին «Ասթլեյի ամֆիթատրոնում» տեղի ունեցավ Եվրոպայում առաջին թատերականացված կրկեսային ներկայացումը։ Ասթլեյի կրկեսում գերակշռում էին ձիավարների և ձիավարժների մասնակցությամբ համարները։

Բայց աստիճանաբար ցուցադրվող համարները բարդացան, համադրվեցին կրկեսային արվեստին հատուկ այլ համարների հետ և սկսեցին ամբողջական երաժշտական կրկեսային ներկայացումներ բեմադրվել։ Ահա այդպես կրկեսային ծրագրերում հայտնվեցին այլ կենդանիների մասնակցությամբ համարներ, լարախաղացներ, ձեռնածուներ, մնջախաղացներ և ծաղրածուներ։

Ասթլեյը նաև այլ քաղաքներում սկսեց նմանատիպ կառույցներ ստեղծել։ 1782 թվականին, օրինակ, նրա կրկեսի մասնաճյուղը բացվեց Փարիզում։ Ֆիլիպ Ասթլեյը դարձավ առաջին կրկեսային դինաստիայի հիմնադիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button