Լուրեր

Էրեբունի-Երևանից՝ Գյումրի

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, երկու օր շարունակ, Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը: Իսկ մինչ այդ՝ այս պահին, Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր:


Երևանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը:

Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:
«Մեծ ծավալի միջոցառում է, որը ցույց կտա սիմֆոնիկ նվագախմբի հնարավորությունները և «Ռեինկարնացիա» խմբի շատ սիրված համերգացանկը: Մեծ սիրով հրավիրում եմ մեր շատ սպասված համերգին, կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որ մարդիկ գան Գյումրի, լսեն երաժշտություն: Երաժշտությունը կարող է մարդկանց միավորել և դրդել, որ գան: Մեծ սիրով բոլորին սպասում ենք»,-նկատում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե Երևանից, թե մարզերից հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք և ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Էրեբունի-Երևանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված:
Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է՝ մայրաքաղաքում ծնվող մշակույթը նաև Հայաստանի բոլոր մարզերում տարածելը: Մշակութային ապակենտրոնացումն այս անգամ Գյումրիում է:

Ցուցադրել ավելի
Back to top button