Լուրեր

Կամերային թատրոնի հարակից տարածքում «Աստղային ճեմուղի» կբացվի

Կամերային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կարգավիճակ ստանալու 40-ամյակները: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից:

Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կամերային թատրոնում (Մաշտոցի 58 հասցեում) տեղի կունենա տոնական միջոցառում: Տեղի կունենա կարմիր գորգի արարողություն, կներկայացվի յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:

Երեկոյի ընթացքում տեղի կունենան «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:

Օրը կամփոփվի «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտագիտության մրցանակներ կհանձնվեն բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:

Կամերային թատրոնի հարակից տարածքում կբացվի «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը կնվիրվեն թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button