Լուրեր

Նորաստեղծ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն 6 մշակութային կազմակերպություններ

«Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարար­­վեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական համույթներ, որոնք գործում էին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվա­գարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության սեփական եկամուտների մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը: Սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:

Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում առկա կլինի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button