Լուրեր

«Հոգի-ձայն-պատկեր»․ նոր կրթական ծրագիր ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը ԳԱԿ-ում գործող «Նինա Խեմչյան. արձագանք» ցուցադրության վրա:

Կրթական ծրագրի առանցքում փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի քանդակներն են, որոնք արվեստագետը ստեղծել է` ոգեշնչված Մեսրոպ Մաշտոցի շարականներից:

«Այսօր մեզ շրջապատող աղմուկը հաճախ հանդես է գալիս երաժշտության անվան տակ: Իրականում դրանք աղավաղված քաոսային ձայներ են, մինչդեռ հոգևոր երաժշտությունը կարելի է ընկալել լռելով, ունկնդրելով և հոգևոր խորասուզմամբ: Երաժշտության մեջ լռությունը նույնքան էական է, որքան ձայնը: Եթե սովորական զգայարաններով՝ լսողությամբ հնարավոր է լսել ձայնը, ապա լռությունը հարկավոր է ոչ թե լսել, այլ ունկնդրել, թափանցել էության խորքերը, լռել և մտորել։ «Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագրի միջոցով փորձելու ենք նպաստել երաժշտական մշակույթի հիմքերի ձևավորմանը և զարգացնել հոգևոր երաժշտություն ունկնդրելու փորձառությունը»- նշված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հաղորդագրության մեջ։

Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել արվեստագետ Նինա Խեմչյանի ստեղագործությունները և վերջիններիս կապը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած շարականների հետ: 

Ծրագրի ստեղծագործական մասում, ծանոթանալով շարականների բովանդակությանն ու երաժշտությանը, մասնակիցները կփորձեն նկարչության միջոցով արտահայտել հոգևոր երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Ծրագիրը նախատեսված է տաս տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։ Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:  

Տեղեկությունների և գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։

Ցուցադրել ավելի
Back to top button