Լուրեր

Փոքր դամբարանի մեծ գանձերը. «Մեծամոր» հնավայրի բացառիկ գտածոները

«Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:

Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ)՝ արևելք-արևմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում  մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ,  որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ  անցքերով: Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց,  սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձև,  գնդաձև, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձև), բաժանարարներով, կախազարդերով:  Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝  անագից ճարմանդներ:

N2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական  ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական և իգական սեռի են:  Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս  դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։

Ցուցադրել ավելի
Back to top button