Լուրեր

Կայացել է «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը:

Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար:

Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 մարզի (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիքի) տարբեր համայնքների, ինչպես նաև Երևանի և Արցախի 50-ից ավելի արհեստագործ վարպետների: Փառատոնում ներկայացվել են ավանդական արհեստները, այդ թվում՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, կարպետագործություն, կավագործություն, մետաղագործություն և այլն: Այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետաց դասերին և ձեռք բերելու արհեստագործների վերջին հավաքածուները։

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button