Լուրեր

Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհու ստեղծած «Be Safe» բջջային հավելվածը սովորեցնում է պաշտպանվել երկրաշարժից

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Be Safe» բջջային հավելվածը, որի հեղինակն Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանն է։

«Be Safe» («Եղիր ապահով») հավելվածը հեռախոսային խաղ է երկրաշարժի վարքականոնների մասին՝ նախատեսված նախադպրոցական և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

Հեղինակի՝ Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի համոզմամբ՝ հավելվածը կօգնի երեխաներին ավելի շատ գիտելիքներ ունենալ և երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները՝ առանց խուճապի մատնվելու։ Սա նաև միջոց է՝ երեխաների շրջանում ձևավորել սեր և հետաքրքրություն բնական գիտությունների նկատմամբ։

«Այս տարիքի երեխաները շատ են սիրում բջջային հեռախոս գործածել և հենց իրենք էլ առաջարկեցին, որ կարելի է բջջային հավելվածով ուսուցողական խաղ ստեղծել։ Հիմա երիտասարդությունը շատ ժամանակ է տրամադրում բջջային հեռախոսներին, և մենք մտածեցինք, որ կարելի է այդ ժամանակի ընթացքում ձեռք բերել վարքականոններ՝ երկրաշարժի ժամանակ ապահով զգալու նպատակով։ Բնակչության մեծամասնությունը չի տիրապետում երկրաշարժի վարքականոններին և անհրաժեշտ բարձրացնել իրազեկվածությունը»,- պատմում է ուսուցչուհին՝ ավելացնելով, որ երկրաշարժի մասին հավելված ստեղծելու գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ փետրվարին, երբ հանրապետությունում երկրաշարժ է գրանցվել, և իրենք դպրոցում քննարկել են երկրաշարժի մասին ուսուցողական սեմինարներ կազմակերպելու հարցը։

VR ակնոցները բջջային հավելվածին միացնելով և ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի նախագծած հատուկ սարքի վրա կանգնելով՝ երկրաշարժի իմիտացիա է ստեղծվել՝ ցույց տալու, թե ինչ է զգացողություններ են առաջանում երկրաշարժի պահին։ «Be Safe» հավելվածն ազդանշանի միջոցով տեղեկացնում է, թե տվյալ պահին որտեղ է երկրաշարժը, և ինչ քայլեր պետք է իրականացնել։

Բջջային հավելվածը ներառում է մի քանի բաժիններ, որտեղ բացատրվում է, թե երկրաշարժի ժամանակ այս կամ այն վայրում գտնվելիս ինչ պետք է անել։ Օրինակ՝ շենքերի հարևանությամբ գտնվելու դեպքում պետք է արագորեն հեռանալ այդ տարածքից, ոչ թե մտնել շենք։ Շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում գտնվելու դեպքում պետք է մտնել սեղանի տակ, մեջքով դեպի պատուհանները՝ ապակիների հնարավոր կոտրվելու դեպքում չվնասվելու համար։ Բարձր հարկերում գտնվելիս պետք է կանգնել հիմնական պատերը կրող հանգույցներում․ չի կարելի վերելակ նստել կամ մոտենալ պատուհանին։ Հավելվածի բաժիններից մեկն էլ խաղ-առաջադրանքի միջոցով բացատրում է, թե ինչպես պետք է պատրաստել առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը երկրաշարժի ժամանակ։ Հատուկ ձայնային ազդանշանի միջոցով հավալվածը հուշում է՝ ընտրված առարկան կամ իրը ճի՞շտ է, թե՞ ոչ։

Հավելվածը հանրակրթական դպրոցներում կարող է օգտագործվել բաց դասերի և թեմատիկ սեմինար-պարապմունքների ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button