Լուրեր

2023 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։

«FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանում անցկացված առաջնության ավարտից հետո FIAS-ի նախագահին առաջարկել էր մեծահասակների ԱԱ-ն անցկացնել Երևանում։

Նշենք, որ 2023 թվականին Երևանում կանցկացվի նաև ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։

Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Ցուցադրել ավելի
Back to top button