Լուրեր

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին և տարիքային խմբերին կներկայացնի տոնական համերգաշար:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով համերգը՝ Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ: Կհնչեն Ֆրենկ Սինատրայի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Դիրիժորի վահանակի մոտ կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Համերգը տեղի կունենա նաև 2023 թ. հունվարի 14-ին և 15-ին:

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահն իր դռները կբացի երեխաների առջև: Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի ‹‹Պետյան և գայլը›› սիմֆոնիկ հեքիաթը: Հեքաթասացի դերում հանդես կգա դերասան Հրանտ Թոխատյանը: Դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան:

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածեն վիեննական պարահանդեսային երաժշտության հնչյունները: Մուտքից սկսած հանդիսատեսին կդիմավորեն պարահանդեսային պարային զույգերը: Դահլիճում ‹‹Վիեննա Գալա›› խորագրով համերգային ծրագրում կհնչեն Յոհան Շտրաուսի վալսերն ու պոլկաները, ինչպես նաև նախերգանքներ, հայտնի արիաներ ու դուետներ Կալմանի օպերետներից: Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան և Հովհաննես Անդրեասյան, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան:

Ցուցադրել ավելի
Back to top button