Լուրեր

Գործերը հետաձգելը առողջական վատ վիճակի հետևանք է թե՞ պատճառ

Եթե այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր գերադասում են իրենց գործերը հետաձգել, ուրեմն արժե, որ այս տեղեկությունն ուշադիր կարդաք։

Շվեդիայում քոլեջի ուսանողների շրջանում անցկացված հետազոտությունը  ցույց է տվել, որ գործերը հետաձգելը և մարդու առողջական վատ վիճակը սերտորեն կապված են։ Պարզապես դժվար է որոշել՝ որն է պատճառը, որը՝ հետևանքը։

Հանձնարարությունների, գործերի կատարումը մինչև վերջին պահը հետաձգելու ցանկությունը բոլորին է ծանոթ։ Բոլորս էլ երբեմն հետաձգում ենք մեր անելիքները մինչև այն պահը, երբ այլևս հնարավոր չէ չհետաձգել։

«Երբեմնը»՝ ոչինչ, բայց, եթե դա արդեն մշտական գործելաոճ է, արժե մտահոգվել, և ոչ միայն այն բանի համար, որ վա՜յ, չեք հասցնի ձեր գործը ժամանակին կատարել, այլ որովհետև, հնարավոր է, դա ձեր առողջական վատ վիճակի մասին ահազանգ է։

Շվեդ գիտնականները երկարաժամկետ հետազոտություն են կատարել քոլեջների 3525 կամավոր ուսանողների շրջանում։ Չմանրամասնելով հետազոտության ընթացքը, ասենք միայն, որ այսպիսի եզրակացություն են արել․ գործերը չափից ավելի հետաձգելը և մարդու առողջական վատ վիճակն ու անհանգիստ քունը կապված են սերտորեն։ Հնարավոր է, որ վատ ֆիզիկական վիճակն է հանգեցնում էներգիայի պակասի, անելիքերը հետաձգելու ցանկության: Կամ, հակառակը, գործերը հետաձգելու սովորությունն աստիճանաբար ձևավորում է ոչ շատ առողջ ապրելակերպ, մշտական հոգեկան լարվածություն չարած գործերի համար, և խնդրեմ՝ մարդն աստիճանաբար սկսում է նաև ֆիզիկապես վատ զգալ իրեն։

Իսկ գուցե բնավորությունն ու սովորությու՞նն են ամեն ինչի պատճառը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button