Լուրեր

Կրթության միջազգային օրը՝ որպես ոչ խաղաղ պայմաններում ապրող երեխաների պաշտպանության խորհրդանիշ

Հունվարի 24-ը օրացույցում հիշատակվում է որպես կրթության միջազգային օր։ Կրթությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունվարի 24-ը հռչակեց որպես Կրթության միջազգային օր՝ ճանաչելով նրա դերը խաղաղության և զարգացման գործում։

Բանաձևն ընդունում է կրթության կարևորությունը կայուն զարգացման հասնելու համար, և ընդգծում է, որ կրթությունը կարող է արմատախիլ անել աղքատությունն ու սովը, խթանել առողջությունը և գենդերային հավասարությունը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ յուրաքանչյուր ոք պետք է օգտվի սովորելու հնարավորությունից և, հետևաբար, լիարժեք մասնակցի հասարակության կայուն զարգացմանը:

ՄԱԿ-ի տվյալներով, 244 միլիոն երեխա և դեռահաս ներկայումս դպրոց չեն հաճախում. 617 միլիոն երեխա չունի կարդալու և մաթեմատիկական տարրական հմտություններ։ Այս երեխաները տառապում են աղքատությունից, խտրականությունից, զինված հակամարտություններից, արտակարգ իրավիճակներից և կլիմայի փոփոխության հետևանքներից: Միգրացիան և հարկադիր տեղահանումը բացասաբար են անդրադառնում նաև կրթության վրա։

Ի դեպ՝ հենց այս խնդրի առջև են այսօր կանգնած նաև մեր արցախցի տարեկիցները: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են դասերը, ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ձմռան այս օրերին Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում բացակայում է էներգամատակարարումն ու գազի մատակարարումը: Մեծահասակները և մեր տարեկիցները ստիպված են բավարարվել սննդամթերքի սահմանափակ միջոցներով: Հազարավոր երեխաներ այս օրերին կրթվելու հնարավորություն չունեն՝ թշնամու ոտնձգության պատճառով:

Այսօր մեր ցանկությունը մեկն է՝ տեսնել Արցախն ազատագրված և խաղաղ … Իսկ կրթության միջազգային օրը թող խորհրդանշական դառնա ոչ խաղաղ պայմաններից տուժող բոլոր երեխաների և նրանց իրավունքների պաշտպանության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button