Լուրեր

Օժիտի տիկնիկի պատմությունը

Դարձյալ Երևանի պատմության թանգարանում ենք, և թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանը մեզ ներկայացնում  է հերթական տիկնիկային պատմությունը։

Մ․ Խաչմանուկյան — Ծիսական տիկնիկները մեր մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդավոր նմուշներից են։ Ծիսական տիկնիկի տեսակ են օժիտի տիկնիկները։ Հնում հայերն այսպիսի սովորություն են ունեցել․ հայրական կողմի տատիկը բոլորից գաղտնի պատրաստում էր մի տիկնիկ, որը նվիրում էր հարսնացուին։ Ամբողջ կյանքում հարսնացուն այդ տիկնիկը պահում էր որպես իրեն ամենահարազատ, մոտ ընկերուհի։ Պահում էր կամ սնդուկի կամ անկողնու ծալքերի մեջ։ Երբ հարսիկը նեղվում էր, հանում էր տիկնիկը, իր դարդն ու ցավը պատմում էր նրան։ Այսինքն՝ ուրիշ տեղ չէր պատմում, չէր բամբասում։ Ստացվում է, որ այս տիկնիկը հոգեթերապևտի դեր էր կատարում։ Հետո նորից տիկնիկը պահում էր նույն տեղում, և ոչ ոք չպետք է իմանար դրա տեղը։ Եթե հանկարծ այդ տիկնիկը կորչեր, դա մեծ դժբախտություն էր համարվում․ վերագրում էին չարքերին, իբրև թե՝ չարքերն են պատճառը, որ տիկնիկը կորել է։

Այս տիկնիկը 1950–ականների տիկնիկ է։ Նվեր եմ ստացել մի տատիկից, որն իր հերթին ուրիշից էր ստացել այս տիկնիկը։ Տիկնիկի հագուկապը պատահական չէ․ սա Փերիայի՝ Իրանի հայաբնակ գավառներից մեկի կանանց տարազն է։ Այսինքն՝ տիկնիկը և՛ տարազն է ներկայացնում, և՛ այդ սովորույթը, որ եղել է։

Ցուցադրել ավելի
Back to top button