Լուրեր

Երևանը կմիանա One Run միջազգային կիսամարաթոնին

Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը՝ 4 վազքատարածություններով (21,1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ):

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը:

Միջազգային One Run կիսամարաթոնը վազքի յուրահատուկ միջոցառում է, որը մեկ օրվա ընթացքում միավորելու է տարբեր երկրների շուրջ 150 հազար վազորդների: Այս տարի կիսամարաթոնն անցկացվելու է Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի շուրջ 85 քաղաքում:

6-12 տարեկան մասնակիցները՝ իրենց ծնողների ուղեկցությամբ, կհաղթահարեն 1 կմ, 16 տարեկան և բարձր սիրողական մարզիկները` 5 կմ, իսկ 18 տարեկանից բարձր մարզիկները՝ 10 կմ վազքատարածությունը: Բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան հաղթահարել կիսամարաթոնը, կվազեն 21,1 կմ: Մասնակիցները կստանան ​​մեդալներ, շապիկներ, վկայականներ և նվերներ գործընկերներից:

Երևանյան կիսամարաթոնն անցկացվելու է քաղաքի կենտրոնական փողոցներում. նախատեսվում է, որ այն կունենա շուրջ 1000 մասնակից: Հայտերի ընդունման և կիսամարաթոնի երթուղու մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի խթանումն ու վազքի մասսայականացումն է բնակչության շրջանում:

Նշենք նաև, որ One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:

Ցուցադրել ավելի
Back to top button