Լուրեր

Զարմանալի մարդիկ են մեծերը

Շնորհավոր հունիսի 1՝ ամռան առաջին օր․․․

Շա՜տ սպասված հունիսի 1, որովհետև այսօր ոչ միայն ամառն է սկսվում, այլև աշխարհում նշվում է․․․մենք սիրում ենք ասել՝ երեխաների օրը, մեծերը գերադասում են օրվա ամբողջական անվանումը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը․․․

Զարմանալի մարդիկ են մեծերը․ քանի դեռ փոքր են, շատ լավ գիտեն ու հասկանում են, որ ցանկացած երեխայի համար ամենամեծ տոնը խաղաղ երկինքն է, հարազատ տունը, որտեղ ապրում ես ընտանիքիդ հետ՝ հայրիկի ու մայրիկի գրկում, կրթություն ստանալու, խաղալու, ծիծաղելու քո իրավունքը․․․

Հետո մեծանում են, դառնում մեծահասակ և մոռանում այս պարզ ճշմարտությունը և, փոխանակ ապահովելու այս ամենը, սկսում են մտածել՝ ինչպես պաշտպանել երեխաների իրավունքները․․․

Մենք մեր՝ երեխաների աշխարհից հուշում ենք ձեզ, սիրելի մեծեր․ մեզ տոն նվիրեք ոչ թե տարվա մեջ մեկ անգամ, այլ ողջ տարին․․․տոն, որի անունն է խաղաղություն, ծաղկուն հայրենիք, հայրիկ ու մայրիկ, ամուր և ամբողջական ընտանիք, առողջություն, կրթություն, ուրախություն, ծիծաղ․․․

Ողջ տարին՝ չգիտենք, բայց հատկապես այսօր մեծերը, վստահ ենք, փորձելու են տոն նվիրել մեզ․․․հանդեսներ, համերգներ, զբոսանքներ, մեծ ու փոքր երազանքների իրագործումներ․․․ով ինչպես պատկերացնում է․․․

«Արևիկ» ռադիոկայանն էլ միանում է օրվա տոնական սկզբին, շնորհավորում է բոլոր երեխաներին հունիսի մեկի առթիվ և մաղթում ուրախ, հետաքրքիր օր և բարձր տրամադրություն ողջ օրվա ընթացքում․․․

Ի դեպ, գիտեի՞ք, որ Երեխաների պաշտպանության օրն անգամ իր դրոշն ունի․ այն կանաչ է, կենտրոնում՝ Երկիր մոլորակի նշանը, Երկրի շուրջն էլ կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ։

Շատ դժվար չէ գլխի ընկնել թե՛ կանաչ գույնի, թե՛ գունավոր մարդուկների խորհուրդը․ կանաչը կյանքի գույնն է, գունավոր մարդուկներն էլ աշխարհի բազմազանության և միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին են հուշում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button