Լուրեր

Երևանում Ղափամա ուտեստին նվիրված տոնական միջոցառում անցկացվեց

Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժում ղափամային նվիրված տոնական միջոցառում անցկացվեց: Նպատակը հայկական ավանդական ղափաման հայերի, զբոսաշրջիկների շրջանում առավել ճանաչելի դարձնելն ու հետաքրքրասերներին ուտեստի պատրաստման գաղտնիքներին ծանոթացնելն է։

Միջոցառմանը շուրջ տասներկու կազմակերպություն՝ ռեստորաններ, խոհարարական ընկերություններ, կրթական հաստատություններ իրենց տաղավարներում ցուցադրում էին ազգային ուտեստն ու սիրով այն հյուրասիրում անցորդներին: Ղափամայից բացի ներկայացված էին հալվա, չրեր, տարբեր թխվածքաբլիթներ, որոնք հարստացնում էին ցուցասեղանները:

«Երևանի համար 8 արհեստագործական պետական ուսումնարան»-ի ուսանողները մի քանի տեսակի ղափամա էին պատրաստել՝ ավանդական, Էրզրումի և էկզոտիկ մրգերով:

Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք հայկական ուտեստները համտեսելու առիթը բաց չէին թողնում:

Ղափամային նվիրված տոնական միջոցառումը նախաձեռնել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ:

Տոնն առաջին անգամ է նման ձևաչափով անցկացվում:  Հետաքրքրվածները շատ են, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարի այն կրկին կազմակերպվի:

Ցուցադրել ավելի
Back to top button