Մեր նոր ընկերուհին՝ Արփին, այս տարի դարձավ դպրոցական։ Իհարկե, շատ բան է փոխվում մարդու կյանքում, երբ հրաժեշտ է տալիս մանկապարտեզին և գնում է դպրոց․ նոր ընկերներ են հայտնվում, նոր պարտականություններ, սկսում է սովորել գրել, կարդալ ու հաշվել։ Բայց ամեն ինչից առաջ «Ա» տառն է սովորում։
–Արփի՛, «ա» տառով բառ կասե՞ս,–դիմում եմ նրան։
–Արև․․․արփի,–ասում է Արփին և, իհարկե, շատ լավ գիտի, որ «արփի» բառը հենց արև էլ նշանակում է․․․
Դաս սովորելիս Արփին դեռ մայրիկի կամ քույրիկի օգնության կարիքն զգում է, բայց խաղալիս՝ ոչ․ խաղալիս նրան օգնության են գալիս տիկնիկներն ու Միկի շնիկը, և Արփին իրեն մենակ չի զգում խաղի ժամանակ։
Արփին պատմում էր իր մասին, իսկ ես լսում էի նրան ու մտածում․ «Հրաշալի է, երբ դու ընդամենն առաջին դասարանցի ես, երբ քո կյանքում կան հայրիկը, մայրիկը, քույրիկներն ու եղբայրը, երբ աշխարհում կա քո լավ խաղընկեր Միկի շնիկը և սիրելի տիկնիկների հետ տունտունիկ խաղը»։





