Լուրեր

Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 62 տարեկան

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ.-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թթ ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` տեսնելու իր պապերի ծննդավայրը: 22 տարեկանում Մոնթեն տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1991 թ.-ին նա գալիս է Հայաստան, որտեղ սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Իջևանի, Ճամբարակի, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:Մոնթեն զոհվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Մոնթե Մելքոնյանն արժանացել է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի, ՀՀ Ազգային հերոսի, Արցախի հերոսի, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետի կոչման:

Ցուցադրել ավելի
Back to top button