Կանաչ մոլորակ

Ամենախոշոր գիշատիչները՝ արջեր

Նրանք դեռ մանկությունից ուղեկցում են մեզ գրքերում,  հեքիաթներում, մուլտֆիլմերում, ներկայանալով որպես բարի, ուժեղ ու ընկերասեր  կենդանիներ: Իսկ ի՞նչ գիտենք իսկական արջերի մասին:

Նրանք իրականում շատ չեն տարբերվում մուլտֆիլմերի  արջուկ-հերոսներից: Հիշո՞ւմ եք, թե ինչքան էր սիրում Վինի թուխը մեղր: Իրականում ոչ մի գորշ արջ չի հրաժարվի այս ուտելիքից, և ճիշտ և ճիշտ Վինիի պես կգտնի ծառի փչակում պահված մեղրն ու ամեն գնով անուշ կանի այն: Այո, արջերը քաղցրավենիք շատ են սիրում … խտացրած կաթի մետաղյա տուփը  կարող են բացել հաշված վայրկյանների ընթացքում: Բայց սրանով նրանք չեն բավարարվում: Մի մոռացեք…նրանք գիշատիչ են և ուտում են գրեթե ամեն ինչ…նույնիսկ ձուկ: Դուք երբևէ լսած կա՞ք Ձկնորս արջերի մասին: Անհավատալի է, բայց արջերն իսկապես ձուկ են որսում: Նրանք մտնում են գետը, ապա գլուխը մտցնում ջուրը և ժամեր շարունակ անշարժ սպասում, մինչև ձուկը լողալով գա ու ընկնի իրենց ճանկը:  Այս բկլիկները հանուն համեղ պատառի պատրաստ են ամեն ինչի… տեսել եք չէ՞ Ինչպես են կենդանաբանական այգու արջերը  ուտելիք խնդրում մարդկանցից: Նրանք թաթերը պարզում են վեր ու ձեռքով անում:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են: Սնվում են նաև  մանր ու խոշոր կաթնասուններով,   գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ:

Առաջին հայացքից թվում է, թե արջերը հազիվ են քարշ տալիս իրենց ծանր ու բրդոտ մարմինը, և խիստ դանդաղաշարժ են: Բայց սա, իհարկե խաբուսիկ է: Արջերը չափազանց արագ են վազում, անգամ ձիուց էլ արագ, մինչև 60կմ/ժ, այնքան, որքան սովորաբար մեքենաներն են երթևեկում: Այնպես որ, նրանցից փախչելը շատ դժվար է: Ի դեպ, որքան էլ տարօրինակ թվա, արջերը սարը բարձրանում են ավելի արագ, քան իջնում են: Այ թե մենք էլ կարողանայինք այդպես աստիճաններով վեր սլանալ: Արջերը  ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը:

Արջերը լինում են սպիտակ և գորշ: Հյուսիսային բևեռի շրջակայքում և Արկտիկայում ապրում են սպիտակ արջերը: Նրանց մորթին թվում է մեզ սպիտակ, բայց իրականում նրանց մաշկը շատ մուգ գույն ունի, գրեթե սև է: Սև գույնը թույլ չի տալիս, որ նրանք սառչեն: Իսկ նրանց մազիկները զուրկ են գունավորումից և արևի լույսի շնորհիվ են թվում սպիտակ: Սպիտակ արջերը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանիներն են:

Իսկ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրում են գորշ արջերը: Նրանք նախընտորւմ են անտառները և հանդիպում են նաև Հայաստանի անտառներում: Գորշ արջերի մորթին կարող է տատանվել բաց շագանակագույնից մինչև մուգ կապտավուն և սև: Այ գորշ արջերն արդեն իսկական քնկոտներ են:  Աշնանը նրանք  հարկադրված  են  լինում հոգալ հուսալի ապաստանի  մասին, որտեղ կկարողանան քնել մինչև գարուն: Նրանք քնում են նոյեմբերից մինչև ապրիլ, 75-ից 195 օր: Իսկ Դրա համար անհրաժեշտ է, որ աշնանն արջն իր օրգանիզմում բավականաչափ ճարպ կուտակի: Հակառակ դեպքում նա որջում չի փակվի և ամբողջ ձմեռ կթափառի չարացած ու սոված:

 Արջի քունը թեթև է, քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի նվազում: Մայր արջը որջում փակվում է նախորդ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին (զուր չէ, որ նրանց դայակներ են  անվանում): Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Կես կիլոգրամ քաշով ծնված նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Այդ ընթացքում նրանք դանդաղ են աճում: Գարնանը ձագերը «գայլի ախորժակ» են ունենում. որջից դուրս են գալիս շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երբեմն նույնիսկ դառնում են 2,5 մ երկարությամբ և մինչև 650 կգ զանգվածով հսկաներ: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

ի տարբերություն սպիտակ արջերի,գորշերը  լավ են վարժեցվում ու ինչեր ասես, որ չեն անում կրկեսում: Այնտեղ նրանց դիտելը շատ զվարճալի է, իսկ իրական կյանքում հանդիպելը՝ շատ վտանգավոր: Մոտակայքում արջ տեսնելու դեպքում ճիշտ է ընկնել գետնին, «սուտմեռուկ» ձևացնել և սպասել այնքան, մինչև արջը կհեռանա:

Արջերին չի կարելի մոտենալ անգամ կենդանաբանական այգում. վանդակի ճեղքերից  նրանք կարող են իրենց թաթերը դուրս հանել: Դրանք  10 – 12 սմ-ոց սուր ճանկեր ունեն, որոնք    կարող են լուրջ վնաս հասցնել:

Բոլոր կենդանիներից ամենից շատ հենց արջի հոգեբանությունն է նման մարդու հոգեբանությանը: Կանադական հնդկացիները արջերին մարդկային ցեղի մի տեսակ են համարում: Դա նրանք ահա թե ինչպես են բացատրում. արջերն էլ մարդկանց պես հինգ մատ ունեն ձեռքերին, կարողանում են քայլել հետևի ոտքերի վրա, քաղցրից նրանց ատամները փչանում են, ինչպես նաև նրանք ի տարբերություն կենդանիների մեծ մասին կարողանում են միմյանց իրեր նետել ու բռնել: Ի դեպ, արջերը ունեն նաև հատուկ ծառեր, որոնք գտնվում են անտառի տարբեր կողմերում և ասում են, թե դրանք ծառայում են նրանց որպես կարևոր  հայտարարությունների տախտակ:

Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար նրան ծուռթաթ են անվանում: 

Կան նաև կենդանիներ, որոնց պարկավոր արջեր են անվանում: Դրանք կոալաներն են: Սակայն կոալան իրականում ոչ մի առնչություն չունի արջերի հետ:  Այն  արտաքնապես նման է արջին, սակայն հանդիսանում է Կոալաների ընտանիքի միակ ներկայացուցիչը: 

Իսկ ինչ կասեք բամբուկե արջերի, կամ պանդաների մասին: Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սննդից։ Հիմնականում  նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկի ընձյուղներ։ Իսկ ընդհանրապես , ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատներ։ Կենդանական կերը պանդաների համար սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր է։Պանդան ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված  լեռներում։ Սև ու սպիտակ այս զարմանալի արջը պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button