Զարթուցիչ

Օտար լեզուներից մինչև Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Քանի լեզու գիտես, այնքան՝ մարդ ես։ Հավանաբար սա եղել է առաջին ասացվածքներից մեկը, որին ծանոթացել ենք դպրոցում, և որը մեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։

Այսօր ապրիլի 23-ն է և օրացույցը մեզ հուշում է, որ աշխարհի շատ երկրներում այսօր նշում են Անգլերենի, Իսպաներենի, ինչպես նաև՝ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը։

Առաջարկում ենք պարզել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրվել այս տոները։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից ապրիլի 23-ը սահմանվել է որպես Անգլերենի օր՝ ի պատիվ անգլիացի մեծ գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրվան։

Անգլերենը համարվում է համաշխարհային լեզու, քանի որ ամբողջ աշխարհում այս լեզվով խոսում է ավելի քան մեկ միլիարդ մարդ։

Անգլախոս երկրներն են Միացյալ Նահանգաները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Կանադան, Մալթան և այլ երկրներ։ Ի դեպ՝ Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում՝ անգլերենը գործածվում է որպես պաշտոնական լեզու։

Դե, ինչպես ասացինք, ապրիլի 23-ը նաև Իսպաներենի օրն է։ Այն 2010 թվականին ընդգրկվել է միջազգային օրացույցում՝ կրկին Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ։

Ըստ տարբեր գնահատականների՝ իսպաներենով խոսում է ավելի քան 600 միլիոն մարդ հենց Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Մեքսիկայի, Լատինական և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև աֆրիկյան որոշ երկրներում: Ընդ որում՝ Մեքսիկան մոլորակի ամենամեծ իսպանախոս երկիրն է։

Եվ վերջում՝ ապրիլի 23-ին նշվում է նաև Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, որն ընդգրկվել է օրացույցում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի իմանալ նաև, որ  2001 թվականից ամեն տարի այս օրը ընտրվում է մի քաղաք, որը արժանանում է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչմանը։

Կոչումը շնորհվում է մեկ տարի ժամանակով։ Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և երեք միջազգային մասնագիտական հրատարակչական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հրատարակիչների միջազգային միությունը, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան և Գրավաճառների միջազգային ֆեդերացիան: 

Ցուցադրել ավելի
Back to top button