Լուրեր

Մեկնարկում է «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը

Ապրիլի 27-ին  կմեկնարկի «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որն իր շուրջն է հավաքում պարարվեստի ներկայացուցիչներին և սիրահարներին։

«Առավել  բովանդակալից և լայնածավալ միջոցառումներով ենք հանդես գալու, փորձելու ենք 3 օր շարունակ ապահովել ակտիվ մշակութային կյանք մեր սիրելի Աբովյան քաղաքում»,- նշում է փառատոնի  գեղարվեստական ղեկավար էդգար Կարապետյանը: 

Մի քանի տարի է ինչ փառատոնը հատուկ շեշտադրում է անում կրթական հատվածի վրա: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով հատկապես մեծ  կարևորություն է տրվում վարպետության դասերին, որոնք հատկապես սպասված են պատանիների կողմից. «Ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս փառատոնային օրերից մեկը տրամադրվելու է վարպետության դասերի իրականացմանը: Վարպետության դասերով հանդես կգան Գաբրիել Խուդեդան և Քրիստինա Ավագյանը, երկուսն էլ իրենց ոլորտի առաջատար մասնագետներ են»,- նշում Էդգար Կարապետյանը:  

«Այս տարի, միջոցառումները բաշխվել են երեք օրերի միջեւ։ Վարպետության դասեր, ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր և իհարկե՝ գալա համերգ։ Վստահ ենք, որ մեր աբովյանցիներին կկարողանանք արվեստով և պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Էդգար Կարապետյանի խոսքով՝  փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են երկու կարևոր ներկայացումների ցուցադրությունները: Ամենամյա փառատոնի շրջանակում կցուցադրվեն՝ «Սին» և «Մետամորֆոզ» պարային ներկայացումները։

Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ, այն կամփոփվի ապրիլի 29-ին՝ պարի միջազգայինը օրը:

Ցուցադրել ավելի
Back to top button