Լուրեր

Մայիսի 26-ը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրն է

Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 102 տարին։

1918 թվականի մայիսի 22-28-ին թուրքական կանոնավոր բանակի և հայկական զինված կազմավորումների ու ժողովրդական ազատամարտիկներ միջև տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը կարևոր դերակատարում ունեցավ Հայաստանի պատմության մեջ:

Հաղթանակը կանգնեցրեց դեպի հյուսիս, արևելյան տարածքներ և Կովկասի ուղղությամբ թուրքական զորքերի էքսպանսիան, կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հայոց պետականության վերաստեղծման հիմք դրեց: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի տակ տեղի ունեցած հաջողված գործողությունների շնորհիվ և այդ ընթացքում հայ զինվորների և սպաների, ինչպես նաև ժողովրդական զանգվածների ցուցաբերած հերոսությամբ հնարավոր եղավ ոչ միայն դադարեցնել թուրքերի առաջխաղացումը, այլ նաև հսկայական կորուստներ պատճառելով նրանց ետ մղել:

Հայ բանաստեղծ, հրապարակախոս Վահագն Դավթյանը Սարդարապատի ճակատամարտի մասին գրել է.

«…Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչև այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով:..

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստեղային ամենավսեմ ժամը:
Հայ ժողովրդի մահը պարտվեց և հաղթեց կյանքը:
Հրաշքի էր նման այդ հաղթանակը: Բայց հրաշք չկար:
Կար ժողովրդական ոգու մի հրաշալի, աննախադեպ բռնկում:
Կար այն վսեմ ճշմարտությունը, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում ու շիկացման է հասնում, դառնում է անպարտելի:
Եվ այն ամենը, ինչ պիտի վերջանար այստեղ, նորից սկսվեց:
Աշխարհի հնագույն ու ազնվագույն ժողովուրդներից մեկը իր նոր պետականության հիմքերը դրեց:
Եվ սակայն ռուս, թուրք, ադրբեջանական սադրանքներով Հայկական այդ անկախ հանրապետությունը երկու տարվա կյանք ունեցավ:
Բայց անկախ ամեն ինչից, Սարդարապատը միայն ճակատամարտ չէր, դաս էր, դասագիրք, ոգեղեն մատյան:
Ապրելու համար , հարատևելու, պիտի ամբողջ խորությամբ սերտել այդ դասը, այդ ոգեղեն մատյանը, ուր մեր գոյության աստեղային ժամերից մեկն է հավերժացել…»

Ճակատամարտի 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսին բացվեց Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է: Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հուշահամալիրի բացման 52-ամյա վաղեմության կադրերն են:

https://www.facebook.com/watch/Sardarapat/
Ցուցադրել ավելի
Back to top button