Լուրեր

Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի Հրանտ Մաթևոսյանի աստղը

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ «Ոսկե Ծիրանի» ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային հրապարակի, կբացվի նաև արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան: Հայտնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից։

«…Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»: Եվ օրինակը վարակիչ էր…: Հետո պարզվեց, որ «Սարոյան եղբայրներ»-ի՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»-ը ու մնացածը, որ անգիր գիտենք, Մաթևոսյանինն է: Ոչ մի տեղ չկա գրվա՛ծ, բայց միանգամից հորդում է մաթևոսյանական խոսքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Մենք ենք, մեր սարերը», «Տերը», «Աշնան արև»-ը, «Այս կանաչ կարմիր աշխարհը» ու մնացածը Մաթևոսյանի կինոն են, որ միաձուլվեցին Հենրիկ Մալյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Յուրի Երզնկյանի կինոյի հետ ու դարձան հայ կինոյի մնայուն արժեքները:

Ավանդաբար հուլիսին անցկացվող փառատոնը համավարակով պայմանավորված այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-8-ը։

Փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից:

Ցուցադրել ավելի
Back to top button