Լուրեր

Մեկնարկում է «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ- փառատոնը

Համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրայնացման նպատակով հուլիսի 15-ից սեպտեմբերի 26-ը կանցկացվի «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը, որին կարող են մասնակցել 13 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Նախաձեռնությունն իրականացնում են Հովհաննես Թումանյանի թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը:

Արմենպրեսի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի գյուղերում և քաղաքներում ստեղծվում են ուսումնասիրողների խմբեր, որոնք ընտրում են այս կամ այն հուշարձանը և կատարում են ուսումանսիրություններ: «Ուսումնասիրությունները մրցույթ-փառատոնի կանոնակարգով ստանում են գիտական տեսք, և մասնագիտական հանձնաժողովն ընտրում է լավագույն ուսումանասիրությունները, որոնք ներկայացվում են տարբեր անվանակարգերում»,-պատմեց Հարությունյանը:

Փառատոնի մասնակիցները կարող են ուսումնասիրություններ կատարել իրենց հայրենի բնակավայրում` ընտրելով լայն հասարակությանը անհայտ մշակութային ժառանգության օբյեկտ: Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում կան մարդկանց կողմից քիչ թե շատ մոռացված հուշարձաններ, գործող կամ անհայտ սրբավայրեր, ավերված կամ խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, փառավոր անցյալի ականատես քաղաքատեղիներ, ամրոցներ ու բերդեր, քարավանատներ և այլն:

Փոխտնօրենի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում մրցույթ-փառատոնի ձևաչափն ու  թեման թույլ են տալիս  մասնակիցների շփումն իրականացնել առցանց հարթակում, իսկ սեպտեմբերի 26-ին, երբ կամփոփվեն ուսումնասիրությունների արդյունքները, կսահմանվեն անվանակարգերը և հայտնի կդառնան հաղթողների անունները: «Այդ ժամանակ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով էլ կորոշենք, թե ինչպես ենք հանձնում մրցանակաները. կլինեն ուղղակի հայտարարություննե՞ր և  դրամական մրցանակների առաքում հաղթողներին, թե՞ կկազմակերպվի գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում էլ կհանձնենք  բոլոր մրցանակները»,- շեշտեց նա:

Մասնակցության կանոններին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է  ակտիվացնել հղումները.

Ցուցադրել ավելի
Back to top button