Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել․ վարչապետ

Այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հայաստանյան իրավիճակը, նշել է, որ այն էականորեն բարելավվել է։

Փաշինյանի խոսքով՝ վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի  ամեօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջին մակարդակին։

«Ծանր հիվանդների թվի մակարդակով ևս վերադարձել ենք մայիսի տվյալներին, ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությամբ վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին»,- ասել է Փաշինյանը։

Այսօրվա դրությամբ գրանցվել է 723 մահ, նշել  է վարչապետը։

«Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։  Այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ և այդ միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այսօրվա բրիֆինգի նպատակը ոչ միայն համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլև զգոնությունը չթուլացնելու ահազանգելն է։

«Համաճարակային վիճակի լավացման ֆոնին, եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող է վիճակն ավելի վատթարանալ»,- նշել է վարչապետն ու մեկ անգամ ևս կոչ արել՝  չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button