Լուրեր

Ինչպե՞ս դեղին տաքսիները հայտնվեցին Նյու Յորքում

Եթե երբևէ եղել եք Նյու Յորքում, ապա փորձեք հիշել մի բան, որն առավել տպավորվել է այդ վայրից։

Երևի հիշեցիք Մանհեթենը․․․ կամ Թայմ-սքվերը․․․ իսկ գուցե դեղին տաքսինե՞րը, որոնք անվերջ շրջում են այդ  հսկա քաղաքում ու առանձին գույն տալիս Նյու Յորքին։

Հենց վերջիններս մասին էլ՝  փոքրիկ տեղեկություն։

Եթե ոչ իրականում, ապա ֆիլմերում, հոլովակներում հաճախ տեսած կլինեք Նյու Յորքի խորհրդանիշը դարձած դեղին տաքսիները։ Դրանք, ի դեպ, այստեղ  հայտնվել են 113 տարի առաջ, օգոստոսի 13-ին։

1907 թվականին «New York Taxicab Company» ընկերությունը Ֆրանսիայից  Նյու Յորք տեղափոխեց  բենզինի շարժիչով   շուրջ 600 մեքենա, որոնք և՛ կանաչ էին, և՛ կարմիր։

Հետո, կարճ ժամանակ անց,  հայտնվեցին դեղինները, և այդ գաղափարը տաքսու   վարորդներինն էր․ «դեղին գույնն առավել նկատելի է  ու գրավիչ, հետևաբար, տաքսուց օգտվողներն էլ  շատ կլինեն»,- հայտարարեցին նրանք ու անցան գործի։ Տարիների ընթացքում հայտնվեցին նոր տաքսի- ընկերություններ և Նյու Յորքը դարձավ դեղին տաքսիների քաղաք։

Ի դեպ, տաքսին  այստեղ չէին պատվիրում, դրանց, ուղևորները  «որսում» էին հենց փողոցից։ Սկզբում նյույորքցիները 1 միլ ճանապարհի համար վճարում էին 50 ցենտ։

Մտածում եք՝ քի՞չ է, բայց, այդպես չէ․այդ ժամանակ տաքսուց կարող էին օգտվել  միայն հարուստ մարդիկ։ 1920-ականներին, հասկանալով, որ այս ոլորտը եկամտաբեր է ու ապագա ունի, շուկա են մտնում մեքենա արտադրող հսկաները՝  General Motors-ն ու Ford-ը։ Նրանք նույնպես սկսում են դեղին տաքսիների մասսայական արտադրությունը։

Ժամանակի ընթացքում, իհարկե, տաքսի արտադրող ընկերությունները փոխվել են։ Իր դիրքերը չի զիջել միայ Ford-ը։

 2010 թվականից, Նյու Յորքում ավելի հաճախ կարելի է հանդիպել   Ford, Karsan և Nissan ընկերւթյունների տաքսիների։ Տաքսապարկերն այստեղ պատկանում են մասնավոր սեփականատերերին, բայց լիցենզիա, նրանք են ստանում պետությունից։

Հիմա  Նյու Յորքի փողոցներում հայտնվել են նաև կանաչ տաքսիներ, բայց դրանք իրավունք չունեն ուղևորներ փոխադրել օդանավակայաններից, ինչպես նաև Մանհեթթենի Արևելյան 96-րդ և Արևմտյան 110-րդ փողոցներից։

Ցուցադրել ավելի
Back to top button