Լուրեր

Ինչ պետք է չուտեն երեխաները ուսումնական հաստատություններում․ ցանկը փոփոխության է ենթարկվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 14-ին նոր հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներում։

Նշված սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Հրամանով սահմանվում է (2014 թվականից), որ սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում օգտագործման համար չի թույլատրվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակներ։ Դրանցում որոշ փոփոխություններ են կատարվել, այժմ ցանկը այսպիսին է․

1) ձու` անլվա կճեպով,

2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,

10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,

13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,

17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,

19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,

21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

23) գազավորված քաղցր ըմպելիքներ,

24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,

25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք,

26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,

27) պաղպաղակ:

Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը փոփոխության է ենթարկվել։ Հրամանը օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button