Լուրեր

Երեխաներին ու երիտասարդներին հասանելի համացանց՝ մինչև 2030թ

«Սերունդ առանց սահմանների. երկրագնդի կեսին հնարավորություններ տալով» բարձր մակարդակի վիրտուալ հանդիպմանը կառավարությունների, մասնավոր հատվածի, ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մինչև 2030թ․ համացանցը հասանելի դարձնել յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար՝ խոստանալով որակյալ կրթությամբ, այդ թվում համաշխարհային որակի թվային լուծումներով, հեռավար ուսուցմամբ և համապատասխան հմտություններով զինել 3.5 միլիարդ երեխաների: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

Մասնակիցների թվում են եղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեն, Քենիայի Հանրապետության նախագահ և ՄԱԿ-ի Երիտասարդների համաշխարհային օրակարգի չեմպիոն Ուհուրու Քենյատան, Տրինիդադ և Տոբագոյի նախագահ Պոլա Մեյ-Ուիքիսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, Գլոբալ կրթության հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գորդոն Բրաունը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը, UNILEVER ընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոփեն, IMF ընկերության գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով բանագնաց Ջայաթմա Վիկրամանայակեն: Նրանք կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել, լուծումներ տալ և ներդրումներ կատարել՝ երիտասարդների ուսման և զբաղվածության հեռանկարները բարելավելու համար:

«Երիտասարդների թվային կրթության և վերապատրաստման համար ներդրումներ անելը կարևոր է սոցիալական միասնություն ձևավորելու և անհավասարությունը վերացնելու տեսանկյունից, քանի որ դրանք խոչընդոտում են մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- դիմելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Բայց այս ներդրումները չպետք է պարտադրվեն։ Երիտասարդներն իրենք պետք է առաջնորդեն և առաջնագծում լինեն՝ որոշում կայացնելու իրավունքով՝ առաջ քաշելով իրենց ստեղծարարությունը, էներգիան և խնդիրներ լուծելու կարողությունները՝ հօգուտ աշխարհի ամենամեծ մարտահրավերների լուծման»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցների և համալսարանների փակման հետևանքով լիարժեք կրթությունից զրկվել է մոտ մեկ միլիարդ աշակերտ և երիտասարդ: Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկն ընդգծում է, որ աշխարհում երեք աշակերտներից մեկը հեռավար ուսուցում ստանալու հնարավորություն չի ունցել: Այս տվյալները վկայում են, որ թվային տեխնոլոգիաների հասանելիությունը բավարար չէ:

«Նույնիսկ համավարակից առաջ միլիոնավոր երեխաներ և երիտասարդներ որակյալ կրթություն ստանալու և վերապատրաստվելու հնարավորությունից զուրկ էին համացանցի անհասանելիության պատճառով։ Կորոնավիրուսային համավարակն այս իրավիճակը վատթարացրել է»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա ֆորը։ «Այսօր ունենք յուրաքանչյուր սերնդին մեկ անգամ տրվող եզակի հնարավորություն՝ թվային անջրպետը վերացնելու և համացանցը հասանելի դարձնելու յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար»։

Ներկայիս ցուցանիշները դիտարկելով՝ 2030 թվականին 25 տարին չլրացած 3.5 մլրդ երեխա և երիտասարդ փորձելու է ձեռք բերել թվային, ձեռնարկատիրական աշխատանքի հմտություններ, որոնք առավել քան անհրաժեշտ են Չորրոդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում։ Կրթության և հմտությունների ուսուցման թե՛ որակն է այսօր սահմանափակ, և թե՛ ոչ միշտ է այն հասանելի ու համարժեք պայմաններով ապահովված առավել խոցելի խմբերի համար, ովքեր արդարացիորեն պահանջում են ուսման հասանելիություն, ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

«Սերունդ առանց սահմանների» օրակարգը ձևավորվել է 2018 թվականին և նպատակ ունի վերափոխել կրթության, զբաղվածության ու ձեռներեցության տեսլականն աշխարհի երիտասարդների շրջանում ՝ մասնավոր հատվածի, կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության ու երիտասարդության ուժերը միավորելով լուծումներ գտնելու և ներդրումներ բերելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button